Ոստիկանության Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժինը շարունակում է քննել «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի գործը, որով քննվում է պետությանը խոշոր չափի վնաս հասցնելու փաստը։ «Հրապարակ» օրաթերթը տեղեկացնում է, որ 3 օր առաջ նոր մեղադրյալ է ներգրավվել՝ ընկերության գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանը, որին մեղադրում են առանձնապես խոշոր չափերի խարդախության համար (Քրօր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով)։ Գլխավոր հաշվապահից քաղաքից չբացակայելու ստորագրություն են վերցրել։
Առայժմ գործով միակ կալանավորվածը «Կենտրոն մաքրության» տնօրեն Սամվել Հովհաննիսյանն է։ Եվս 5 աշխատակցի խարդախության հոդվածով մեղադրանքներ են առաջադրել։
«Ընկերությունը պատասխանատու էր Կենտրոն վարչական շրջանի սանիտարահիգիենիկ վիճակի համար, սակայն աշխատելու փոխարեն այստեղ պետական գումարների հափշտակությամբ, փողերի լվացմամբ են գբաղվել»,–գրում է թերթը՝ դրա ստեղծումը կապելով Կենտրոնի նախկին թաղապետ, Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անվան հետ։ «Հրապարակ»-ը հավելում է, որ տեղեկություններ կան, թե այս քրեական գործը քայլ է հենց Գագիկ Բեգլարյանի ստվերային կայսրության դեմ։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում