Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը այսօր մերժեց գործարար Խաչիկ Խաչատրյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: «X գրուպ»-ի սեփականատերը օրաթերթից և լրագրողից պահանջում էր վճարել ընդհանուր 3,2 մլն դրամ՝ իրեն վիրավորելու և գործարար համբավն արատավորելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Երևանի թռչնաֆաբրիկա»-ն ժամկետանց հավկիթներ է վաճառել խանութներում: ԵԹՖ-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դիմել էր դատարան՝ պահանջելով հերքում և 3 մլն դրամ փոխհատուցում զրպարտության համար:
«Ժողովուրդ»-ի խմբագրության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ դատավոր Ռուբեն Ափինյանը, քննելով օրաթերթի ներկայացրած փաստարկները, կայացրեց վիճռ՝ մերժել Խաչատրյանի հայցը՝ այդպիսով հաստատելով, որ Խաչատրյանի ընկերությունն իսկապես ժամկետանց հավկիթներ է վաճառել:
«Բայց սրանով չավարտվեց Խաչատրյանի և օրաթերթի դատական քաշքշուկը: Երբ «Ժողովուրդ»-ի լրագրողը գործարարից հետաքրքրվել էր, թե ինչ խնդիրներ ունի ՊԵԿ-ի հետ, Խաչիկ Խաչատրյանը ի պատասխան ասել էր, թե «դե գրի ազիզ ջան, գրի, որ դու պրաստիտուտկա ես»: Այս խոսքերի համար «Ժողովուրդ»-ը հայց ներկայացրեց գործարարի դեմ՝ պահանջելով ընդամենը ներողություն խնդրել լրագողից: Խաչատրյանն էլ ի պատասխան այլ հայցով մտավ դատարան՝ օրաթերթից և լրագրողից պահանջելով ևս 3,2 մլն դրամ: Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Ավետիսյանը մերժեց օրաթերթի հայցը: Այն բողոքարկվեց մինչև ՀՀ Վճռաբեկ դատարան և մերժվեց: Շուտով «Ժողովուրդ»-ը հայց կներկայացնի ՀՀ Սահմանադրական դատարան՝ մինչև վերջ պաշտպանելու լրագրողի իրավուքնենրը:
Եվ ահա երեկ պարզվեց, որ դատարանում պարտվեց նաև Խաչիկ Խաչատրյանը, որը վիրավորել էր մեր լրագրողին:
Ինչպես ասում են՝ տարոսը «Օրինաց երկիր» կուսակցությանը, քանի որ այս կուսակցությունն էլ է դիմել դատարան՝ «Ժողովուրդ» օրաթերթից պահանջելով վճարել ընդհանուր 7 մլն դրամ՝ կեսը ՕԵԿ-ի, կեսն էլ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսա՝ «քույիկ Լևոն» մականունով հայտնի Լևոն Դոխոլյանի բարի համբավն իբր արատավորելու համար», – ասված է հայտարարության մեջ: