Home / Հայաստան / Վարչական դատարանը գազի գնի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի հաջորդ շաբաթ

Վարչական դատարանը գազի գնի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի հաջորդ շաբաթ

Դեկտեմբերի 17-ին, ժամը 12։00-ին Վարչական դատարանը վերջնական որոշում է կայացնելու՝ Հայաստանում գազի և էլէկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված «Եկեք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության ներկայացրած դիմումի վերաբերյալ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է նախաձեռնության անդամ Անի Կաղինյանը։

«Վստահ եմ, որ դատարանը մերժելու է։ Հետաքրքիր է, որ դեկտեմբերի 9-ին մենք 11 հազար ստորագրություն ենք ներկայացրել դատարան ու մոտ 3000-ն էլ այս պահին մեզ մոտ են, 4 օրում դատարանը 25 էջանոց որոշում է կայացրել։ Փաստորեն՝ ստորագրություններն էլ հիմք չհանդիսացան դատարանի համար։ Շատ զարմանալի շտապողականություն դրսևորեց դատարանն այս անգամ», – ասել է մեր զրուցակիցը։

Նշենք, որ նախաձեռնությունը Վարչական դատարանում բողոքարկել էր Հայաստանում գազի և էլէկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ հունիսի 7-ի որոշումը և պահանջել, որպեսզի դատարանում հարցի քննարկումը բոլորի համար բաց և թափանցիկ լինի, իսկ դատարանը կարծիք էր հայտնել, թե խնդիրը հանրային հնչեղություն չունի և մտահոգում է միայն նախաձեռնության կազմակերպիչներին:

Ելնելով վերը նշվածից՝ նախաձեռնությունը ստորագրահավաք էր սկսել, ինչի արդյունքում 11 հազար ստորագրություն են հանձնել Վարչական դատարան՝ պահանջելով որպես 3-րդ կողմ ներգրավել նաև սպառողներին, քանի որ դատարանը որպես երրորդ անձ այս վեճերում ներգրավել Է «ՀայՌուսգազարդ» և «Հայաստանի էլեկրտական ցանցեր» ընկերություններին։