Ամիսներ առաջ, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Կիլիկիա» գարեջրի գործարան՝ ծանոթանալու աշխատանքին ու այնտեղ առկա խնդիրներին, նա խոսել է գործարանը վաճառելու հնարավորությունից։ «Ժողովուրդ» թերթի փոխանցմամբ՝ ականատեսներից շատերն ամիսներ անց սկսել են բարձրաձայնել այդ մասին։
Աղբյուրը թերթին պատմել է, որ երբ գործարանի սեփականատերերից Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն ու Աշոտ Բաղդասարյանը ներկայացրել են գործարանում առկա բազում խնդիրները, վարչապետն այսպիսի հարց է տվել. «Եթե չլուծվեն դրանք, կվաճառե՞ք, կհեռանա՞ք»։ Պատասխանը գրեթե դրական է եղել, նշում է թերթը։
«Այստեղ Սարգսյանը հետաքրքրվել է, թե սեփականատերերն ինչքան կգնահատեն գործարանի կապիտալը՝ կիսակատակ առաջարկելով կես գնով վաճառելու դեպքում խոստանալ, որ առաջինն իրեն կտեղեկացնեն», – գրում է «Ժողովուրդ»-ը։
Հակոբ Հակոբյանը թերթի հետ զրույցում հաստատել է վարչապետի այցի մասին լուրը՝ հերքելով զրույցի մասին տեղեկությունները։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում