Home / Տեսանյութեր / Օմբուդսմենը պատրաստ է հանդիպել Վարդգես Գասպարիին․ վերջինս գրավոր պատասխան է ակնկալում

Օմբուդսմենը պատրաստ է հանդիպել Վարդգես Գասպարիին․ վերջինս գրավոր պատասխան է ակնկալում

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ուղարկած իր նամակի պատասխանը դեռ չի ստացել, թեև դիմել է դեկետմբերի 1-ին: Epress.am-ի հետ զրույցում Գասպարին տեղեկացրել է, որ ՄԻՊ գրասենյակից իրեն զանգել են դեկտեմբերի 9-ին և ասել, որ ակտիվիստը կարող է գալ և հանդիպել Անդրեասյանին։ Գասպարին, սակայն, հրաժարվել է, քանի որ գրավոր պատասխան է ակնկալում:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին արդեն երկու ակցիա է անցկացրել ՄԻՊ գրասենյակի մոտ, վերջինը՝ դեկտեմբերի 10-ին:

Ակտիվիստին չի բավարարում այն, որ ՄԻ պաշտպանի գրասենյակը արագ և ըստ էության չի արձագանքում իր նամակներին։ Մեզ հետ զրույցում նա հիշեցրել է, որ առաջին անգամ ինքը դիմել էր ՄԻՊ-ին նաև ամռանը՝ օգոստոսի 24-ին: Ի պատասխան՝ նամակ էր ստացել երեք ամիս հետո։ Գասպարին, մասնավորապես, հարցրել էր՝ արդյոք օմբուդսմենը տեղյակ է եղել օգոստոսի 23-ին իրեն ոստիկանություն բերման ենթարկելու մասին:

«Օգոստոսի 23-ի երեկոյան-գիշերը Կենտրոնի ոստիկանությունում իմ լինելու մասին ի՞նչ է ձեզ հայտնի ի դեմս ձեր Արագ արձագանքման խմբի աշխատակիցների: Արդյո՞ք ՄԻՊ –ը 116 և 096088899 հեռախոսահամարներով ահազանգ ստացել է ինձանից: Այդ ահազանգի վերաբերյալ ի՞նչ գործողություններ է կատարել Արագ արձագանքման խումբը: Իր կատարած գործողությունների մասին ի՞նչ է արձանագրել: Որպես զեկույց ի՞նչ է ներկայացվել ՄԻՊ գրասենյակ», – մասնավորապես, հարցրել էր Գասպարին։

Նա նշել է, որ օգոստոսի 24-ին ուղարկված այս նամակին ՄԻ գրասենյակի աշխատակիցները ըստ էության չեն պատասխանել, այլ մեջբերել են ոստիկանության որոշումը, համաձայն որի` բաժնում Գասպարիին արձանագրություն են ներկայացրել, որն ինքը հրաժարվել է ստորագրել: Ակտիվիստը դեկտեմբերի 1-ին նույն հարցումն էր ուղարկել ՄԻՊ-ին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին քաղաքապետարանի մոտ անցնող նստացույցի վայրից Գասպարիին բերման են ենթարկել ոստիկանության բաժին և առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու մի քանի ժամ անց ազատ են արձակել։