Եվրոպական հանձնաժողովը «Արևելյան գործընկերություն» նախագծի շրջանակներում Հայաստանին, Վրաստանին ու Մոլդովային լրացուցիչ ֆինանսական միջոցներ կտրամադրի՝ երկրների տնտեսական հնարավորությունները բարելավելու, գյուղական համայնքները զարգացնելու, էներգետիկ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և այլնի համար։
Ինչպես հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, ֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի 87 միլիոն եվրո․ Հայաստանը կստանա 25 միլիոն եվրո, Վրաստանը՝ 27 միլիոն, Մոլդովան՝ 35 միլիոն։
«Այս տարի երեք Արևելյան գործընկեր պարգևատրվեցին՝ ժողովրդավարության զարգազման ու հիմնարար արժեքներին հավատարիմ մնալու իրենց ջանքերի համար։ Մենք հույս ունենք, որ ապագայում նման երկրներ ավելի շատ կլինեն։ Լրացուցիչ ֆինանսավորումն ազգային բարեփոխումների համար լուրջ աջակցություն է, ինչպես նաև համատեղ նախագծերի, որոնք ուղղակիորեն կբարելավեն քաղաքացիների կյանքը»,- հայտարարել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։