Շուրջ 60 անօթևանների սպասարկող Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը 2014 թվականի հունվարի 1-ից դադարեցնելու է գործունեությունը, իսկ կացարանի բնակիչները այհուհետ կբնակվեն Վարդաշենի «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կացարանում։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է տուն-ինտերնատի տնօրեն Արմեն Գյուրջյանը։
«Պետությունը դադարեցրել է մեր կացարանի ֆինանսավորումը և որոշել է անօթևաններին կենտրոնացրել Վարդաշենի կացարանում։ Այնքան էլ տեղեկացված չեմ, բայց գիտեմ, որ քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն կա, որ պետք է ավելի լուրջ զբաղվեն անօթևանների աշխատանքի հարցերով», – ասել է մեր զրուցակիցը։
Տնօրենի խոսքով՝ տարբեր ճակատագրեր ունեցող իրենց այցելուները մեծ դժվարությամբ են հարմարվել կացարանի փոփոխության մտքին։
«Փակման մասին լուրից շատ են ընկճվել, բայց անօթևանի բաժնի պետ Հայկ Պողոսյանը պարբերաբար զրուցում և հուսադրում է մեր բնակիչներին։ Վստահեցնում ենք, որ պայմանների փոփոխություն չի լինելու, հոգեբանորեն տրամադրում, որ չընկճվեն։ Հատկապես տանջվում են այն մտքից, որ Վարդաշենի ինտերնատում նրանց մի քանի ամսով են ապահովելու, մինչդեռ մեր կացարանում անօթևաններից շատերը բնակվում են 2 և ավելի տարի։ Օրենքի համաձայն՝ մեր կացարանում հայտնված մարդկանց, 60-օրյա խնամքից բացի, փորձել ենք ապահովել աշխատանքով և մի շարք դեպքերում լուծել ենք բնակարանային խնդիրները։ Որպես կանոն՝ ժամկետի ավարտից հետո մեր բնակիչները նորից վերադարձել են», – ասել է Գյուրջյանը։
Վերջինս նաև ընդգծել է, որ տուն-ինտերնատի փակումը 23 աշխատակիցներին անգործության չի մատնելու․ կացարանին կից գործող ծերանոցի բնակիչներին հնարավորություն է ընձեռվելու տեղափոխվել «անօթևանների մասնաշենք»։