Փաստաբան, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը «Արդարադատությունը վարկաբեկելու կոնկրետ օրինակ» հոդվածում անդրադառնում է դատավոր Աղասի Մկոյանի գործողություններին՝ նշելով, որ նրա կայացրած որոշումը անհարգալից և վարկաբեկիչ վերաբերմունք է արդարադատության, դատական համակարգի, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության նկատմամբ։
Epress.am-ին տրամադրած հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Օրեր առաջ, երբ հրապարակվեց Մարդու իրավունքների պաշտպանի դատական համակարգի վերաբերյալ զեկույցը, այն արժանացավ սուր քննադատության: Քննադատության հիմնական շեշտը դրվում էր այն հանգամանքի վրա, որ զեկույցի մեջ ներկայացված էին ընդհանուր բնույթի տեղեկություններ, սակայն կոնկրետ որևէ փաստ կամ անուն չկար նշված: Շատերը, այդ թվում դատախազությունը, դատական դեպարտամենտը, տարբեր դատարանների դատավորներ, պատգամավորներ, այլք, զեկույցի մեջ նշվածը հիմնավոր “ճանաչելու” համար ՄԻՊ-ին առաջարկում էին ներկայացնել գոնե մեկ կոնկրետ անուն կամ փաստ:
Ես տեղյակ չեմ (դա պարտադիր էլ չէր), թե՝ ինչ կամ ում հաղորդած տվյալների հիման վրա է կազմվել զեկույցը, սակայն, բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԻՊ-ին հրապարակավ հայտնում եմ կոնկրետ փաստ և անուն. խոսքը վերաբերում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանին և նրա կողմից 2013 թվականի դեկտեմբերի 14-ին կայացրած «Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ հարուցված միջնորդությունը բավարարելու մասին» որոշմանը: Միանգամից նշեմ, որ սույն դեպքում ոչ թե գործ ունենք կոռուպցիայի հետ, այլ՝ գործ ունենք արդարադատության, դատական համակարգի, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության նկատմամբ անհարգալից և վարկաբեկիչ վերաբերմունքի հետ, որը դրսևորվել է դատարանի կողմից:
Նշվածը հիմնավորելու նպատակով ներկայացնեմ հետևյալ փաստերը։ Սույն թվականի հոկտեմբերի 13-ին (ավելի քան 2 ամիս առաջ) տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով մահացել է ուղևոր: Մեքենան վարել է Վրաստանի քաղաքացի, հայերեն լեզվին չտիրապետող Ա. Սաքուլյանը: Սաքուլյանի նկատմամբ հոկտեմբերի 18-ին կիրառվել է ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոց, որը վերացվել է հոկտեմբերի 25-ին, սակայն նրան չի վերադարձվել անձնագիրը, և նա որպես «պատանդ» մնացել է Հայաստանում:
Գուգարքի քննչական բաժնի քննիչ Հ. Մարգարյանը դեկտեմբերի 12-ին դիմել է դատարան, Սաքուլյանին կալանավորելու միջնորդությամբ: Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն մեջ քննիչը նշել էր՝ մեղադրյալը ՀՀ-ում չունի բնակության մշտական վայր, մնալով ազատության մեջ կարող է քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու և քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ճանապարհով խոչընդոտել մինչդատական վարույթում գտնվող գործի քննությանը:
Դատավորը նիստի ժամանակ ստացավ ապացույց առ այն, որ Սաքուլյանը ՀՀ-ում ունի բնակության վայր (հասցե), դա հաստատեց նաև քննիչը:
Դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու կամ թաքնվելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու վերաբերյալ դատավորը քննիչից պահանջեց ներկայացնել ապացույցներ, որոնք չկային:
Դատավորը քննիչից և նյութերից պարզեց, որ Սաքուլյանը՝ մշտապես և սահմանված կարգով ու ժամկետում ներկայացել է նախքննական մարմնի կանչով, տվել է բացատրություն, ցուցմունք, ներկայացրել պահանջված բոլոր փաստաթղթերը, աջակցել նախաքննությանը, որևէ կանչից կամ քննչական գործողությունից չի խուսափել կամ խոչընդոտել, որևէ խնդիր կամ դժվարություն չի ստեղծել, բնութագրվում է բացառապես դրականորեն, խնամքին ունի երեք անչափահաս երեխա, կին: Նշվածները պարզելուց հետո դատավոր Ա. Մկոյանը ըստ էության մեկ հարց տվեց քննիչին՝ այդ փաստերի հիման վրա, ի վերջո ինչու կալանավորել, ինչ հիմքերով …
Ա. Սաքուլյանը և պաշտպանը (ես) շուրջ 30 րոպե առարկեցինք, ներկայացրինք 4 էջից ավել գրավոր առարկություն՝ բազմաթիվ իրավական և փաստական հիմքերով:
Դատավորը լսելով կողմերին, հեռացավ խորհրդակցական սենյակ, վերադարձավ և որոշեց՝ քննիչի միջնորդությունը բավարարել և Ա. Սաքուլյանին կալանավորել: Նշեմ, որ մեղադրյալի և պաշտպանի առարկության մասին դատավոր Մկոյանը որոշման մեջ նշել է ընդամենը 5 (հինգ) բառ, իսկ որոշման միակ հիմքը այն է, որ Ա. Սաքուլյանը … Հայաստանում չունի մշտական բնակության վայր: Դատարանը չսահմանափակվեց այդ ակնհայտ սխալով Սաքուլյանի իրավունքները խախտելու հարցում: Նիստին ներկա պաշտպանը և մեղադրյալը չստացան դատարանի որոշումը: Արդեն դատարանի տարածքից դուրս քննիչը “մեծահոգաբար” որոշման մեկ օրինակ տվեց պաշտպանին: Իսկ մեղադրյալ Ա. Սաքուլյանը այդպես էլ չստացավ դատարանի որոշման օրինակը: Չնայած այն ստնալու դեպքում էլ դա նրան պետք չէր. որոշումը միայն հայերեն լեզվով էր: Դատարանը “մոռացել էր”, որ կալանավորում է օտարերկրացու, հայերեն լեզվին չտիրապետող անձի, դատական նիստը անց է կացնում թարգմանչի բացակայությամբ: Փաստացի, Ա. Սաքուլյանը ներկա պահին գտնվում է քրեակատարողական հիմնարկում, չիմանալով թե ինչու է իրեն կալանավորել դատարանը:
Նշեմ նաև, որ Ա. Սաքուլյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ արդեն հետաքրքրվել են Հայաստանում Վրաստանի դեսպանատնից:
Կարծում եմ «պահանջվող 1 անունը/փաստը» ներկայացված է և օրինական ընթացակարգով ուշադրության կարժանանա ՀՀ իրավասու մարմինների կամ պաշտոնյաների կողմից»: