Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը երեքշաբթի Ադրբեջան իր այցի ժամանակ պետք է խոսի երկրում մարդու իրավունքների ոլորտում իր մտահոգությունների մասին, ասված է Amnesty Internatuonal կազմակերպության հայտարարության մեջ։
Հեյգը Բաքվում մասնակցելու է «Անդրադրիատիկ» (TAP) գազատարի համաձայնագրի ստոգարգրման արարողությանը, որը կնշանավորի Կասպից ծովի ադրբեջանական հատվածում «Շահ-Դենիզ» հանքավայրի շահագործման երկրորդ փուլը։ Արարողության ընթացքում վերջնական ներդրումային որոշում պետք է կայացվի․ բրիտանական BP ընկերությունը հիմնական ներդրողներից մեկն է։ Մեծ Բրիտանիան ապահովում է Ադրբեջանում բոլոր օտարերկրյա ներդրումների գրեթե կեսը, նշում է Amnesty Internatuonal-ը։
«Ադրբեջանում մարդու իրավունքները սարսափելի վիճակում են, ու երկիրը ներկայումս առանձնապես ագրեսիվ հետապնդում է իրականացնում արտահայտվելու ազատության նկատմամբ»,- ասել է Amnesty International կազմակերպության Քաղաքականության ու կառավարության հարցերով ղեկավար Ալան Հոգարտը (լուսանկարում)։
«Երբ արտգործնախարարը գնա այնտեղ, նա պետք է համոզվի, որ առաջարկը չի սահմանափակվում գազով ու եկամուտով։ Նա պետք է մարդու իրավունքների վերաբերյալ երաշխիքներ ստանա։
Ուիլյան Հեյգը պետք է կոչ անի ազատել խղճի գերիներին, որոնք թիրախավորվել են կառավարությանը քննադատելու համար։
Ադրբեջանում ութ ակտիվիստներ ներկայումս գտնվում են ազատազրկման մեջ՝ մարտին ժողովրդավարամետ խաղաղ բողոքի ցույց կազմակերպելու համար։ Նրանց ազատ արձակման հարցն էլ պետք է քննարկվի։ Նա նաև պետք է խոսի ձերբակալված լրագրող Փարվիզ Հաշիմլիի մասին, ով նախորդ շաբաթ դատարանում կարողացավ բարձրաձայնել, որ իրեն խոշտանգումների են ենթարկում։
Արտգործնախարարը պետք է հավատարիմ մնա իր իսկ խոստումին՝ թույլ չտալ, որպեսզի առևտրային շահերն արժեզրկեն արտաքին հարաբերություններում մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգությունները։ Նա պետք է օգտագործի Մեծ Բրիտանիայի որոշիչ դերը Ադրբեջանի տնտեսական բարեկեցության հարցում ու պարզ դարձնի, որ մարդու իրավունքների խախտումները չեն հանդուրժվելու։
Այս այցը կարող է որոշիչ հնարավորություն լինել Ադրբեջանի վրա ազդեցություն ունենալու հարցում․ վերջիվերջո, ով վճարում է գազատարի համար, նա էլ երաժշտությունն է պատվիրում»,- նշել է Հոգարտը։