Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն, խորհրդարանում պատասխանելով «Հանրապետական ժողովրդական կուսակցության» (CHP) ու «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից իր հասցեին հնչած քննադատությանը, ասել է, որ Հայաստան կատարած այցը «հանցագործություն չէր»։ Նա նշել է, որ հարևան երկիր է այցելել «արդար հիշողության» քաղաքականության շրջանակներում՝ նկատի ունենալով Թուրքիայի կառավարության դիրքորոշումն այս մասին, որ «Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով ծանր կորուստներ է կրել թե թուրքական, թե հայկական կողմը»։ Այս մասին գրում է Today's Zaman-ը։
Դավութօղլուի խոսքով՝ հարևան երկրների հետ հանդիպելը հանցագործություն չէ, այլ անհրաժեշտ քայլ, որն Անկարան պետք է կատարի։
«Մենք հատուկ մեխանիզմ ենք մշակում, որը կբարելավի մեր հարաբերությունները տարածաշրջանի ու հարևան երկների հետ։ Արդար հիշողությունը պատմություն կերտելու միակ ուղին է»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Դավութօղլուն Թուրքիայում ընդդիմության ներկայացուցիչների կողմից քննադատության է արժանացել նրանից հետո, երբ Հայաստան կատարած իր այցի ժամանակ լրագրողներին ասել է, թե «1915 թվականի հայերի բռնի տեղահանությունն «անմարդկային» է»։