Երևանի Խորենացու փողոցում գտնվող ոսկու շուկայում գրեթե մեկ շաբաթ տևած ստուգումներն արդեն դադարեցվել են, տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ստուգումների մասին ամսվա սկզբին հայտարարել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ որպես պատճառ նշելով քաղաքացիներից ստացված բողոքները, ըստ որոնց՝ շուկայում աշխատանքային պայմանները, հակահրդեհային և սանիտարական վիճակը նորմալ չեն։
Թերթը նշում է, որ շուկայի աշխատակիցների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն, ստուգումները դադարեցվել են, քանի որ շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը մոտ 70 մլն դրամի չափով տուգանվել է։
«Այսպիսով՝ Աբրահամյանին ներկայացված 70 մլն դրամ տուգանքով կարգավորվեցին ոսկու շուկայի սանիտարահիգիենիկ, հրդեհավտանգ խնդիրները, քանի որ իշխանությունները կատարեցին իրենց գերխնդիրը՝ Ամանորի նախաշեմին պետբյուջեն լցնել։ Բացի դա, մի քանի տասնյակ ոսկերիչների անունով արձանագրություն է կազմվել։ Նաև որոշվել է, որ 2014-ի հունվարից ոսկերիչները գազով աշխատելու համար պետք է լիցենզիա ձեռք բերեն։ Իսկ մինչ այդ տնօրինությունն արդեն բարձրացրել է տաղավարների վարձերը»,–գրում է թերթը։
Հիշեցնենք, որ ստուգումների ժամանակ ոսկերիչներին ասվել էր, թե ոսկու հալման համար օգտագործվող գազի և ջրածնի բալոնների առկայությունը նման շենքային պայմաններում անօրինական է։ Նրանք պնդել էին, որ առանց գազի աշխատել հնարավոր չէ։
Լուսանկարը՝ iravaban.net