Օրեր առաջ Աշտարակի տարածաշրջանի ԱԱԾ-ի ներկայացուցիչներն ահաբեկել են Ուշիի գյուղապետին ու ուշեցի նախկին ոստիկաններից մեկին՝ սպառնալով ոչնչացնել նրանց ընտանիքները, եթե «համարձակվեն» հանդիպել իրենց գյուղ այցելող ազատամարտիկներին։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է ռազմադաշտային խորհրդի անդամ, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը։ Նշենք, որ ազատամարտիկները ամառվանից սկսած մարզային այցելություններ են կազմակերպում, հավաքների ընթացքում համախմբման և քաղաքացիների իրավունքների համար պայքարի կոչեր են անում։
Նա պատմել է, որ օրեր առաջ հերթական մարզային այցի շրջանակներում իրենք հանդիպումներ են ունեցել Ուջանում, իսկ այնուհետ պատրաստվել են մեկնել Ուշի, սակայն իրենց ծանոթ նախկին ոստիկանը, ով պետք է կազմակերպեր հանդիպումը, զանգահարել է ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանին և փոխանցել, որ իրենց բացահայտ ահաբեկում են։
«Ասել էր՝ «Վարդան ջան, սպառնում են, թե հավաքը կազմակերպելու համար ընտանիքներով կվերացնենք ձեզ»։ Այդ մարդկանց այնպես էին վախեցրել, որ ձեռքերն ու ոտքերը դող էր ընկել։ Մենք էլ արձագանքեցինք, թե նման բան մեզ ասել են թուրքերը ու տեսանք՝ ինչ եղավ ասողների հետ, ավելին չենք ուզում ասել։ Էդ ԱԱԾ-ի լակոտ-լուկուտները, ինչպես նաև ԱԱԾ-ի պետը թող իմանան, որ ազատամարտիկներին ժամանակին սպառնում էին թուրքերը ու թող ականջներին օղ անեն, որ սա լինի վերջին սպառնալիքը», -ասել է մեր զրուցակիցը։
Վերջինս շեշտել է, որ Ուշի այցելության մասին նախօրոք հայտարարված չի եղել, մինչդեռ ԱԱԾ-ն տեղյակ է եղել նախատեսված հանդիպման բոլոր մանրամասներին։
«Բոլորի հեռախոսները գաղտնալսվում են, մեր ամեն քայլից տեղյակ են, դրա արդյունքում էլ մարդկանց կանչել են ու բառ առ բառ պատմել մեր խոսակցությունները։ Ոստիկանը փոխանցել էր, թե «Վարդան ջան, անգամ գիտեն՝ ում տանը պետք ա հաց ուտեինք»», – ասել է Սարգսյանը։
Սարգսյանը նշել է, թե անկախ ամեն ինչից՝ Ուշիի բնակչության հետ ազատամարտիկների հանդիպումը կայանալու է։
«ԱԱԾ-ի պետը չէ, իրենց լակոտ-լուկուտները ձեռքից բռնած որ գան, ազատամարտիկները իրենց առաքելությունը իրականացնելու են։ Մեր անձնակազմը մեկնելու է մարզեր ու հանդիպումներ է ունենալու ժողովրդի հետ՝ ի վերջո որոշողը ժողովուրդն է։ Բոլորին զգուշացվում է, որ փետրվարին համախմբվելու ենք ու կոնկրետ վերջ ենք ասելու այս իշխանությանը։ Ստույգ օրը կհայտարարենք ավելի ուշ», – եզրափակել է Սարգսյանը։