Կառավարությունը կուտակած 300 միլիոն դոլար պարտքի մասին տեղեկությունը հասարակությունից գաղտնի է պահել, քանի որ ընտրությունների ժամանակ չի ցանկացել իջեցնել իր վարկանիշը։ Այսօր ԱԺ-ում գազի թեմայով լսումների ժամանակ այս կարծիքը բազմաթիվ անգամ է հնչել, նշում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի կարծիքով՝ եթե մարդիկ իմանային գազի գնի թանկացման մասին, ընտրությունների արդյունքն այլ կլիներ։
Մինչդեռ երեք տարի թանկացած գազի դիմաց 300 միլիոն դոլար պարտք կուտակած Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չի պատրաստվում հրաժարական տալ. «Ես համարում եմ, որ արդյունավետ է եղել, և հրաժարական չեմ տա»։
Կարծիք հնչեց, որ, գազի գնի չբարձրացման դիմաց ռուսական կողմին պարտք կուտակելով, կառավարությունը հասարակությանն արժանացրել է արհամարհական վերաբերմունքի։ 2011-ից անընդհատ թանկացող գազի պարտքն առաջացել է երկու ընկերությունների միջև՝ «ՀայՌուսգազարդի» և «Գազպրոմ»-ի։
«Ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը հանդես գալիս որպես պարտք վճարող ռուսական «Գազպրոմ» ընկերությանը, և այդ դեպքում ինչո՞ւ է այս թեման հասարակական քննարկման առարկա, և ոչ թե երկու մասնավոր ընկերությունների՝ «ՀայՌուսգազարդ»-ի և «Գազպրոմ»-ի միջև իրավականվեճի»,- հարցրել է Գուրգեն Արսենյանը։
Հայաստանի կառավարությունը Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում ստորագրած երեք համաձայնագրեր պատրաստվում է արտահերթ նիստով բերել Ազգային ժողով՝ հաստատման։ Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հետաքրքրվել է էներգետիկայի նախարարից՝ այս տեքստերը բացի թարգմանչից որևէ մեկը՞ կարդացել է։
«Մեկ համաձայնագրի՝ «Բաժնետոմսերի առքուվաճառքի» համաձայնագրի մասին եմ խոսելու։ Ես նման միակողմանի դիկտատ դեռևս չեմ հանդիպել իմ ողջ փորձի ընթացքում։ Այս պայմանագիրը ամբողջությամբ սահմանափակում է կողմերից մեկի բոլոր իրավունքները և հակասում է մեր Սահմանդրությանը բազմաթիվ կետերով և ամբողջությամբ սպասարկում է մյուս կողմին։ Նման պայմանագրերն ընդունված է անվանել «կապիտուլյացիայի մասին ակտ»։ Դա կհասկանայինք, բայց մենք խոսում ենք մեր եղբայրական, ստրատեգիական գործընկեր երկրի մասին, ստորագրում ենք անժամկետ պայմանագիր, տալիս ենք լիակատար, բացառիկ իրավունքներ։ «Կայունացման վերապահում» հոդվածը ամբողջությամբ խոսում է այն մասին, որ մինչև 2043 թվի դեկտեմբերի 31-ը պարտավորություն ենք ստանձնում, ընդ որում այս պարտավորությունները ոնց որ ապտակ են Ազգային ժողովին»,- ասել է Արզումանյանը։