ՀՀ վարչական դատարանն այսօր մերժել է «Եկեք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության ներկայացրած գազի և էլեկտրաէներգիայի գնի մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է նախաձեռնության անդամ Անի Կաղինյանը։
Նշենք, որ նախաձեռնությունը վարչական դատարանում բողոքարկել էր Հայաստանում գազի և էլէկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ հունիսի 7-ի որոշումը։
«Հինգ հանցագործ դատավորները՝ նախագահող Կ. Բաղդասարյանը` մասնակիցներ Կ. Մաթևոսյանի, Ա. Միրզոյանի, Ա. Թովմասյանի, Ա. Դարբինյանի հետ, ստորագրեցին ոչ թե հանուն, այլ ընդդեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշման տակ։ Այս որոշումով դատավորները իրենց ապագա քրեական գործի հիմքերը ստորագրեցին», – ասել է նախաձեռնության անդամը։
Կաղինյանը նշել է, որ մերժված 2 հայցերի համար ազգաբնակչության առաջ պատասխանատու են գործում ներգրավված 5 դատավորները միաժամանակ։
«Դատարանն ամբողջությամբ չքննեց գործը ու հաշվի չառավ 17 հազար ստորագրությունները, այլ գտավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ոչ մի խախտում չի կատարել, մինչդեռ մենք բազում խախտումներ էինք մատնանշել»,- ասել է մեր զրուցակիցը։
Վերջինս ընդգծել է, որ որպես հայցվոր կողմ ինքն անիմաստ ու աննպատակային է համարում բողոքարկելը, քանի որ վստահ է, որ Հայաստանում արդարադատության համակարգ գոյություն չունի։
«Միակ ելքն այն է, որ ամբողջ հասարակությունը ներգրավվի այս հարցում, այլ ոչ թե մեկ կամ մի քանի հոգի։ Ընկերներիցս մեկը պատմեց, որ Սպիտակում մի ընտանիք, չկարողանալով ջեռուցել բնակարանը, ցրտից սառել է։ Սա արդեն վկայությունն է այն բանի, որ նման դեպքերը ավելի են շատանալու, ոչ մեկը այս չարիքից չի խուսափի, քանի դեռ խնդիրը համազգային չի դարձել», – եզրափակել է Կաղինյանը: