Ստեփանակերտում երեկ օրվա երկրորդ կեսին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ շուրջ երկու ժամ տևած հանդիպումից հետո ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, թե, գյուղատնտեսության և այլ խնդիրներից բացի, իրենք նաև էական հարցեր են քննարկում Ղարաբաղ այցելության ժամանակ:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը, ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, մասնավորապես, ընդգծել է, որ իրենց այցելությունները Լեռնային Ղարաբաղ, հանդիպումները Բակո Սահակյանի հետ նշանակում են Ղարաբաղի ընդգրկումն ընթացող քննարկումներում այն էական հարցերի շուրջ, որոնք շոշափվում են կողմերի միջև հանդիպման ժամանակ:
«Մենք ելնում ենք նրանից, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա այդ գործընթաց, որովհետև, վերջիվերջո, որոշվում է այն մարդկանց ճակատագիրը, ովքեր այստեղ ապրում են: Մենք ենթադրում ենք, որ հիմնարար սկզբունքների վրա աշխատանքների ավարտից հետո, երբ հասկանալի կլինի, թե ինչպես առաջ շարժվել այդ փուլում, կարելի կլինի քննարկել բանակցություններին վերադառնալու հարցը», – պարզաբանել է ռուսաստանցի համանախագահը:
Ադրբեջան այցելության ժամանակ ամերիկացի համանախագահի արած ուշագրավ հայտարարության վերաբերյալ լրագրողները Ջեյմս Ուորլիքից պարզաբանում են խնդրել: «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայության և «Թուրան» լրատվական գործակալության հետ զրույցում ամերիկացի դիվանագետը, անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր ներգրավմանը, ասել էր. «Թուրքիայի դերակատարության հարցը իմ իրավասության շրջանակում չէ: Դրա հետ մեկտեղ, ես չեմ բացառում, որ ինչ-որ մի պահի Թուրքիան կարող է որոշակի դերակատարություն ստանձնել»:
Ստեփանակերտում շարունակելով թեման՝ ամերիկացի դիվանագետն ասել է. «Ես չեմ կարող Թուրքիայի անունից խոսել, ես պարզապես հույս ունեմ, որ եթե Թուրքիան ցանկանա ինչ-որ դերակատարություն ունենալ, ապա այն պետք է լինի դրական բոլորի համար՝ տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման նպատակով»:
Ի պատասխան լրագրողների հիշեցման, թե Թուրքիան մինչև հիմա էլ հստակ մեկի կողմնակիցն է, Ուորլիքը հավաստիացրել է, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամներն իրենց խմբի շրջանակներում անելու են ամեն ինչ, որպեսզի կարգավորումը լինի համապարփակ, և տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն: Ամերիկացի համանախագահն ընդգծել է նաև, որ «հայ – թուրքական հարաբերությունները որևէ կապ չունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ»: