Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի շրջանի Արզամաս քաղաքում 26-ամյա Ալեքսանդր Սլակաևի սպանությունը քաղաքում ազգայնական երևույթներ է հրահրել, քանի որ սպանության մեջ կասկածվում են ներգաղթյալները։ Արզամասցիները «ազգային հավաքներ» են կազմակերպել ու պահանջել վտարել միգրանտներին։ Հարբած տեղացիների խմբերը սկսել են հարձակումներ գործել խանութների ու կրպակների վրա, որոնք, նրանց կարծիքով, պատկանում էին «եկվորներին»։
Միևնույն ժամանակ, ինչպես նշում են տեղի գործարարները, տուժել են նաև «ռուսական» օբյեկտները։ Քաղաք են ուղարկվել ՕՄՕՆ-ի ջոկատներ, երեք կասկածյալ ձերբակալվել է, չորրորդի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Հաղորդվում էր, որ տեղացիների ու Կենտրոնական Ասիայից եկածների միջև ծեծկռտուքը տեղի էր ունեցել հայերին պատկանող սրճարանի մոտ։ Տեղի բնակիչների զայրույթըսկսեց հետզհետե նվազել մի շաբաթ անց, երբ Արզամասի քաղաքապետ Միխաիլ Բուզինը հայտարարեց, որ դեկտեմբերի 18-ի դրությամբ 15 հայ ընտանիք լքել է քաղաքը, իսկ նրանց պատկանող հասարակական սննդի ձեռնարկությունները վաճառվել են։
«Արազամասում հայկական բիզնեսն ընդմիշտ փակվել է։ «Նոյ»-ի փոխարեն այժմ մանկական սրճարան է լինելու»,- հայտարարել է նա։ Բուզինը պնդել է, որ «Արզամասում տերերը արզամասցիներին են», հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Ավելի վաղ արզամասցի գործարար Անատոլի Ստրոգանովը գնել էր ամենահայտնի հայկական «Նոյ» սրճարանն ու խոստացել այն վերածել հարմարավետ ընտանեկան սրճարանի՝ «հանրային վրդովմունքը կանխելու համար»։