«Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտի» տնօրենը պնդում է, որ իր և ձեռնարկության հետ առնչություն ունեցած մյուս ութ անձանց դեմ շինծու մեղադրանքներ են ներկայացրել՝ ձեռնարկությունը խլելու նպատակով, և իրենց նկատմամբ նախաքննության ժամանակ կիրառվել են խոշտանգումներ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Այս գործով բոլոր ամբաստանյալները Շենգավիթի առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հրապարակած դատավճռով հունիսին դատապարտվել են թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի իրացման նպատակով ապօրինի շրջանառության համար: Պատժի նվազագույն ժամկետը 7.5 տարվա ազատազրկումն է: Ամբաստանյալներից ոմանք դատապարտվել են 10 տարվա ազատազրկման: 12 տարվա ազատազրկման է դատապարտվել «Քիմտեխ»-ի տնօրեն Սամվել Խաչատրյանը: Այսօր Վերաքննիչ դատարանում նա վկայել է իր և մյուս ամբաստանյալների նկատմամբ գործադրված ճնշումների մասին։
«Էլեկտրաշոկերով… խայտառակ ձևի, ծեծելով, ջարդելով… կեղտոտ ձևի սարքել են մարդկանց գլխին, 1937 թիվն են սարքել։ Մեր երկրի նախագահին խաբել են, սուտ տեղեկություններ են տվել, որ բացարձակապես իրականության հետ կապ չունի։ Ասել են՝ «Մենք արդեն նախագահին զեկուցել ենք, պետք չէ, որ դուք խոսեք, նստեք, ոչինչ, ձեզ միառժամանակ հետո կհանենք, նստե՛ք»։ Չորրորդ տարին է խաբելով, ընտանիքներին վախեցնելով, ահաբեկելով…»,- ասել է Խաչատրյանը։
Ամբաստանյալ Արմեն Բաղդասարյանը պատմել է, որ ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով նախաքննական մարմինն իր նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառել։
«Ուզում էին՝ ես ասեի, որ ես եմ մեղավոր, որ ուրիշ մարդիկ են մեղավոր»,- պատմել է Բաղդասարյանը։
10 տարվա ազատազրկման դատապարտված Աղվան Վարդանյանի պաշտպանն ավելի վաղ էր «Ազատությանը» տեղեկացրել էր, որ նրանից ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով քննիչը սպառնացել է անգամ թմրանյութի շրջանառության հոդվածով գործ սարքել նաև որդու դեմ: Աղվան Վարդանյանը ևս պնդել է, որ իրեն դատապարտելու հիմքեր չեն եղել։
«Իմ դեմ մի հատ փաստացի ապացույց չկա, որ դատում են»,- ասել է նա։
58-ամյա ամբաստանյալ Աշոտ Առաքելյանը, որի հիվանդություններից չորսը՝ ներառյալ սրտի հետ կապված խնդիրները, համատեղելի չեն կալանքի ձևով պատիժը կրելու հետ, ևս վկայել է, որ իրեն խոշտանգել են նախաքննության ժամանակ։
Վերաքննիչ դատարանում այս գործով ինը բողոքները քննող նախագահող դատավոր Մհեր Արղամանյանը հարկ չհամարեց անդրադառնալ ամբաստանյալների այս հայտարարություններին:
Ավելի վաղ ինքնախոստովանական ցուցմունքներ տալու պատճառների մասին էր հայտարարել այս գործով նախ պահակ, ապա արտադրության պետի պարտականությունները ստանձնած, 10 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Լեպեջյանի պաշտպանը՝ Գագիկ Սարդարյանը։
Փաստաբանները վկայակոչում են փաստերը՝ հիմնավորելով պնդումները, որ առաջադրված մեղադրանքները, փաստացի ապացույցները և քրեական դատավարության օրենսգրքի պահանջները տվյալ գործով մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունեն:
Ըստ գործի նյութերի՝ 2011 թվականի ապրիլին այս գործով ամբաստանյալներից ամենատարեցին՝ 78-ամյա Սիրաժ Ղամբարյանին մեղադրանք է առաջադրվել ամֆետամին տեսակի թմրանյութ պատրաստելու և դրա իրացման համար: Ամֆետամինից բացի, գործի նյութերում նշված է նաև կետոն նյութի մասին: Մինչդեռ պաշտպանական կողմը նշում է, որ դրանք թմրանյութ չեն, բաղադրիչ են, իսկ բաղադրիչի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ:
Այս գործով մեղադրող Վիգեն Միլիտոնյանը, այսօր հակադարձելով ամբաստանյալների պաշտպանների պնդումներին, առարկեց վերաքննիչ բողոքների դեմ, քանի որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը «կատարված հանցագործություններին տվել է ճիշտ քրեաիրավական գնահատական, և ամբաստանյալների նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ»։
Ի դեպ, պաշտպանական կողմն այսօր Վերաքննիչ դատարանին միջնորդեց նշանակել նոր փորձաքննություններ, քանի որ առկա եզրակացություններով չեն հաստատվում մեղադրանքները: Վերաքննիչ բողոքների քննությունը կշարունակվի դեկտեմբերի 19-ին: