«Մագնիտ» սուպերմարկետների ցանցի համասեփականատեր, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին sports.ru կայքի խմբագիր Յուրի Դուդի հետ զրույցում խոսել է իր հայկական արմատների մասին։ Ռուսաստանցի միլիարդատիրոջ (կարողությունը գնահատվում է 8 միլիարդ) հարցազրույցի այդ հատվածը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։
– Դուք հաճախ ու ճիշտ խոսում եք այն մասին, որ պետք չէ մոռանալ սեփական արմատների մասին, պետք է սիրել ու զարգացնել սեփականը հողը, բայց, միևնույն ժամանակ, երիտասարդ տարիքում փոխել եք Հարությունյան ազգանունը Գալիցկիի։ Շատերը կարծում են, որ այդպիսով Դուք հրաժարվել եք արմատներից։
– Ես նույն բանն եմ կրկնում՝ դա ներքին հարց է, որը ես չեմ ցանկանում հանրայնացնել։ Դա անձնական խնդիր է, որը կապված է կնոջս ընտանիքի հետ, ու ես չեմ ուզում հրապարակավ խոսել այդ մասին։
– Դուք արյունով հա՞յ եք։
-Ոչ։ Եթե ձեզ հետաքրքրում է արյանս բաղադրությունը, ապա ասեմ՝ ես 75 տոկոսով ռուս եմ, 25 տոկոսով՝ հայ։ Եթե ձեզ հետաքրքրում է իմ տոհմածառը, ապա ես հպարտությամբ հայ կկոչվեի։ Բայց մայրս ռուս է՝ Յարոսլավլից, իսկ հայրս կիսով չափ ռուս է, կիսով չափ՝ հայ։ Դա լավ է, թե վատ՝ ես չգիտեմ։ Ես ծնվել եմ այն ժամանակ, երբ երկրում ազգությունդ կարևոր չէր։ Ու ես հիմա էլ շարունակում եմ այդպիսի աշխարհում ապրել։
Կարծիքս հետևյալն է․ ազգության մասին հարցը բարձրացնելը խոսում է մարդու անկիրթ լինելու մասին։ Նրանք, ովքեր կենտրոնանում են այդ հարցի վրա, ապրում են քարի դարում։ Նրանց ձեռքը պետք է փայտի կտորից ու քարից պատրաստված կացին դնել ու ստիպել հայելու մեջ նայել։
– Բայց այդ դեպքում մենք պետք է կացին հանձնենք նաև այն հայերին, իսկ այդպիսիք կան անգամ իմ գործընկերների շրջանում, որոնք լրջորեն քննարկում էին, որ Հենրիխ Մխիթարյանը չպետք է տեղափոխվեր «Բորուսիա», քանի որ այնտեղ երկու թուրք է խաղում։
– Հավատքը, ազգությունը՝ դրանք բաժանում են մարդկանց։ Ասենք, օրինակ, Խաչատուրը՝ իմ ֆինանսական տնօրենը, ով նստած է կողքի սեղանին, գիտի, որ ես մտերիմ ընկեր ունեմ՝ Բահաթին Դեմիրբիլեկը։ Ես միշտ գնում եմ նրա մոտ՝ «Գալաթասարայ» – «Ֆեներբախչե» դերբին դիտելու, ու հաճույքով այցելում եմ Ստամբուլ։ Յուրաքանչյուր բաժանում ատելության արտահայտում է։ Ես ապրում եմ 21-րդ դարում։ Նրանք, ովքեր ապրում են 19-րդ, 18-րդ կամ 17-րդ դարում, ինձ չեն հետաքրքրում։