Հայաստանում 4500 մարդ կենսաչափական անձնագիր է ստացել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Ոստիկանության անձնագրային վարչության ղեկավար Նորայր Մուրադխանյանը։ Նա վստահեցրել է, որ կենսաչափական քարտերի առավելությունն ակնհայտ է։
Կենսաչափական անձնագիրն ունի 40 էջ, սովորական անձնագրի 32 էջի փոխարեն, իսկ այլ երկրներ մուտքի արտոնագիր ստանալու և սահմանային անցակետերն անցնելու գործընթացը կենսաչափական անձնագիր ունենալու դեպքում դյուրացվում է։
Մուրադխանյանն ասել է, որ նոր տիպի փաստաթուղթը օրվա պահանջ է, քանի որ շուտով նաև կլինեն պետություններ, որոնք թույլ չեն տա առանց կենսաչափական փաստաթղթի մուտք գործել իրենց տարածք։
Նշենք, որ կենսաչափական անձնագիրն արժե 25 հազար դրամ, իսկ Հայաստանում այն ունենալը պարտադիր չէ։