Այսօր ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերությանը կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, որոշել է նշված ընկերությանը «ՌԱՕ Մարս»-ի տարածքում տրամադրել շահագործողի թույլտվություն` պլանշետների հավաքման և ծրագրավորման գործունեության իրականացման համար:
Համաձայն կառավարության հաղորդագրության, ընկերությունը նախատեսում է համագործակցություն հաստատել պլանշետների արտադրության ամերիկյան Minno գրասենյակի հետ, որը կստանա Հայաստանի կազմակերպության թողարկած բոլոր պլանշետները և կզբաղվի դրանց իրացմամբ և առաքմամբ:
«Գործունեության երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազար պլանշետից կհասցի 50 հազարի, միավորի գինը կլինի 180 ԱՄՆ դոլար, ինքնարժեքը` 135 ԱՄՆ դոլար: Առաջին տարում արտադրություն կներդրվի 1 մլն 350 հազար ԱՄՆ դոլար, երրորդ տարում` 6 մլն 750 հազար ԱՄՆ դոլար: Բացի ներդրում ներգրավելուց ազատ տնտեսական գոտու շահագործումը հնարավորություն կտա խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը», – ասված է կառավարության հաղորդագրության մեջ: