Երեկ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում (լուսանկարում) տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հոր՝ Ազատ Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել է Հայաստանի ողջ էլիտան, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Մինչ հոգեհանգիստը, Ստեփանակերտում գտնվող ԵԱՀԿ եռանախագահները՝ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, այցելել են Սարգսյաններին, ցավակցել մահացածի այրուն։
Սբ. Հակոբն այնքան էլ մեծ եկեղեցի չէ, և Երևանում վաղուց վերածնված ավանդույթը՝ հանգուցյալին հրաժեշտ տալ եկեղեցում, Ղարաբաղում առաջին անգամ էր կիրառվում, թերթի թղթակցին տեղեկացրել է ղարաբաղցի բարձրաստիճան պաշտոնյան։ Հարցին՝ իսկ ինչո՞ւ ՀՀ նախագահի հորը Երևանում չհուղարկավորեցին, նա պատասխանել է. «Ղարաբաղցիք երբեք դա չէին հասկանա»։
Թերթի զրուցակիցը հավելել է նաև, որ իրենք ամեն ինչ արել են հավուր պատշաճի, փորձել են բոլոր եկածներին հնարավորինս տեղավորել. «Ղարաբաղի սիրտը մեծ է, էն էլ սհենց օրերի»։
Եվ, այնուհանդերձ, շատերը հետ են վերադարձել հոգեհանգստից անմիջապես հետո, որովհետև գնացածները շատ-շատ են եղել, և անգամ Գորիսի հյուրանոցներում տեղ չի եղել։ Հոգեհանգստին մասնակցել է Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ makenas.livejournal.com