«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Որոշողը մենք ենք» նախաձեռնությունը դեկտեմբերի 20-ին, ժամը 11։30-ին քաղաքացիներին հրավիրում է մասնակցել Աժ- ի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի։ Այս մասին ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։
«Վաղը՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում՝ հանցավոր վարչախումբը փորձելու է վավերացնել ՀՀ-ն 30 տարով սուվերենությունից զրկելու, ինքնիշխանությունը կորցնելու՝ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 2-ին կայացրած հանցավոր որոշումը», – ասված է հայտարարությունում։ Վաղը ԱԺ արտահերթ նիստին քննարկվելու է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությանների միջև կնքված բնական գազի և նավթամթերքների առաքման վերաբերյալ պայմանագրերը, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի առուվաճառքի համաձայնագիրը։
Ժամը 16։00-ի դրությամբ «Մենք ենք որոշողը» կարգախոսով նախաձեռնությանը միացած 80 օգտատերերը ակտիվ քննարկումներ են սկսել, նրանցից ոմանք էլ առաջարկել են այսօր դուրս գալ փողոց ու իրազեկման ակցիաներ անցկացնել։
«Հայեր, առաջարկ ունեմ՝ քանի դեռ մութը չի ընկել ու շատ ուշ չի, էկեք հավաքվենք, բարձրախոսով շրջենք բակերով, իհարկե բոլորով չենք հասցնի, բայց գոնե կիրազեկենք մարդկանց», – առաջարկել է Սոնյա Կարապետյանը։
Epress.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ, ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը (լուսանկարում բարձրախոսով) նշել է, որ, չնայած առողջական խնդիրներին, ինքը ևս մասնակցելու է իրազեկման ակցիաներին։
«Սպասում եմ, մինչև բարձրախոսը կբերեն ու դուրս կգանք մարդկանց տեղեկացնելու, որ ամեն ինչ ծախեցին, հիմա էլ մեզ են ծախում։ Դանակը հասել է ոսկորին՝ ժողովուրդը պարտավոր է գիտակցել դա։ Սպասել, որ ինչ-որ մեկը կօգնի ժողովրդին, ծիծաղելի է, մենք ենք մեր վաղվա օրը որոշողը, ոչ թե Սերժը, մյուսը, մյուսը։ Ժողովրդին այն աստիճան թշվառության են հասցրել, որ նրան շատ բաներ նույնիսկ չեն էլ հետաքրքրում, քանի որ կենցաղը ուղղակի խեղդում է ու աչք բացելու ժամանակ չունեն։ Բոլորս միասնական դուրս ենք գալու ու մեր կայացրած որոշումը ի կատար ենք ածելու` հեռացնել Սերժ Սարգսյանին», – եզրափակել է Մարգարյանը։