Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի բանակցությունների մասին հարցերին պատասխանելու ձևը նման է «կռուտիտի»։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ Մովսիսյանը պատգամավորների հարցին՝ ինչու է կառավարությունը թաքցրել, թե գազի գինը Ռուսաստանի կողմից 2011 թվականից սկսած բարձրացվել է, հայտարարել է, որ ինքը չի խաբել, այլ մշտապես ասել է, որ կողմերի միջև բանակցություններ են ընթանում։
Փաշինյանը Էներգետիկայի նախարարին հիշեցրել է, որ գազի գնի մասին լրագրողները Մովսիսյանին հարցրել են դեռևս փետրվարին, ինքը՝ Փաշինյանը, հարցեր է ուղղել մայիսին և պետք չէ արդարանալ, թե այդ խնդիրը չի բարձրացվել։
«Չեմ կարծում, որ, ներողություն բառի համար, «կռուտիտը» այն ժանրն է, որով նախարարը պետք է շփվի ՀՀ քաղաքացիների կամ ԱԺ-ի հետ: Ես ձեզ հարց չունեմ տալու»,- ասել է Փաշինյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, իր հերթին, հարցրել է նախարարին, թե էլ ի՞նչ է մնում վաճառելու, եթե կառավարությունը շարունակի պարտքեր կուտակել:
Մովսիսյանը պատասխանել է, որ չպետք է մտածել՝ ինչ ունենք պարտքի դեմ տալու, այլ պետք է մտածենք՝ ինչ անել, որպեսզի նոր պարտքեր չկուտակել:
Հակադարձելով՝ Ջհանգիրյանն ասել է, որ ինքը մտավախություն ունի, որ հաջորդ քայլն այն է լինելու, որ Կառավարությունը հանձնելու է Որոտանի ՀԷԿ-երի համալիրը:
«Ստացվում է, որ էներգետիկ համակարգում որևէ բան չունենք: Չգիտեմ ուրիշ ոլորտների մասին, թեև չեմ կարծում, որ ուրիշ ոլորտներում լինի», – ասել է Ջհանգիրյանը:
Նա հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում Կառավարությունը պետք է փրկության ծրագիր ներկայացնի:
Լուսանկարը՝ azatutyun.am