Թուրքիայի գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 18-ին կոռուպցիայի, փողերի լվացման ու մաքսանենգության մեղադրանքով բերման ենթարկվածներից 42-ի ձերբակալության թույլտվություն է տվել։
Դեկտեմբերի 19-ին դատախազությունը արգելանք է դրել ձերբակալվածներից 29-ի ամբողջ ունեցվածքի վրա, այդ թվում՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարաբի, ով կասկածվում է հանցավոր խմբավորում ղեկավարելու մեջ։ Զարաբը նաև մեղադրվում է կառավարության անդամներին ու բանկի ղեկավարներին կաշառելու, ինչպես նաև իր հարազատների ու ենթադրյալ հանցավոր խմբավորման անդամների համար ապօրինի կերպով Թուրքիայի քաղաքացիություն ձեռք բերելու մեջ։
Արգելանք է դրվել նաև երկրի տասնյակ խոշոր ընկերությունների ու ֆինանսական կառույցների ունեցվածքի վրա։
Թուրքիայի գլխավոր դատախազության հայցի համաձայն՝ ԵՄ-ի հետ գլխավոր բանակցող Էղեմեն Բաղիշը Ռեզա Զարաբից ստացել է կաշառք՝ շուրջ 3 միլիոն թուրքական լիրայի չափով ($1,5 մլն)։
Մեկ այլ հայցի համաձայն՝ Զարաբը, «Հալկբանկի» աջակցությամբ, ապօրինի կերպով Գանայից 1,5 տոննա ոսկի է ներկրել Թուրքիա։ Հայցում նշված է Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Զաֆար Չաղլայանի (լուսանկարում) անունը, ում միջնորդությամբ տեղի է ունեցել գործարքը Զարաբի ու Halkbank-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Ասլանի միջև։
Չաղլայանը մեղադրվում իր անօրինական գործողությունների համար շուրջ 106 միլիոն թուրքական լիրայի ($ 53 մլն) չափով կաշառք ստանալու մեջ։