Home / Հայաստան / Պետդուման որոշեց․ Ռուսաստանում ներգաղթյալները պետք է քննություններ հանձնեն

Պետդուման որոշեց․ Ռուսաստանում ներգաղթյալները պետք է քննություններ հանձնեն

ՌԴ Պետդուման այսօր կայացած հերթական նիստի ժամանակ երկրորդ ու երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որի համաձայն՝ 2015 թվականի հունվարի մեկից սկսած բոլոր օտարերկրացիները ՌԴ-ում ժամանակավոր կացության թույլտվություն, աշխատանքի թույլտվություն կամ արտոնագիր ստանալու համար ստիպված կլինեն Ռուսաստանի պատմության, ռուսաց լեզվի ու ՌԴ օրենդրության հիմունքների քննություն հանձնել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Օրենքի համաձայն՝ օտարերկրացին իր գիտելիքները հաստատելու համար պետք է ներկայացնի քննությունը հանձնելու մասին վկայական կամ 1991 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ԽՍՀՄ-ում կրթություն ստանալու մասին փաստաթուղթ (դպրոցական ատեստատ կամ բուհի դիպլոմ): Վկայականը վավեր կլինի ստանալու պահից 5 տարվա ընթացքում։

Պարտադիր քննություններից կազատվեն միայն բարձր որակավորում ունեցող մասնագետները, անաշխատունակ քաղաքացիները, մինչև 18 տարեկան ու 60-ն անց մարդիկ։

Օրենքն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից։ Նշենք, որ ՌԴ-ում ժամանակավոր կացության թույլտվություն կամ աշխատանքի թույլտվություն արդեն ունեցող ներգաղթյալները թուլտվությունը երկարաձգելիս ստիպված կլինեն քննությունը հանձնելու մասին վկայական ներկայացնել։