2013 թվականի դեկտեմբերի 22-ից սկսած՝ Թուրքիայում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին այլևս չի թույլատրվում մտնել ոստիկանական վարչություններ։ Այս մասին ասված է Թուրքիայի Ոստիկանության հայտարարության մեջ, հաղորդում է Hurriyet-ը։
«Լրագրողները կհրավիրվեն ոստիկանական բաժանմունք, եթե ոստիկանությունը հայտարարությամբ հանդես գա կամ նման այլ դեպքերում։ Խնդրում ենք Ստամբուլի Վաթան և Գայրեթեպե ոստիկանական բաժանմունքների մամուլի սենյակներից օգտվող ԶԼՄ-ների անդամներին վերադարձնել իրենց բանալիներն ու անցաքարտերը»,- ասված է հայտարարության մեջ։
Որոշումը կայացվել է Ոստիկանության կառույցում տեղի ունեցած վերադասավորումներից հետո, որի արդյունքում ավելի քան 100 ոստիկանապետեր զրկվել են իրենց պաշտոններից։ Այն հաջորդել է Թուրքիայում վերջերս գրանցված կոռուպցիոն սկանդալին, որի արդյունքում նախարարների որդիներ են ձերբակալվել։
Թուրքիայի լրագրողների ֆեդերացիան քննադատել է որոշումը․ «Լրագրողներն աշխատում են, որպեսզի ապահովեն հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Այս որոշումը ոչ միայն չի նպաստում այդ իրավունքին, այլև գրաքննություն է»։