Ադրբեջանում ավելի շատ են քաղաքացիությունից հրաժարվողները, քան այն ստանալ ցանկացողները, գրում է ադրբեջանական «Հայելի» թերթը՝ նշելով, որ Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի ու ՄԱԿ-ի տվյալներով, երկրից արտագաղթել է շուրջ 1,4 միլիոն քաղաքացի։ Նշենք, որ արտագաղթի խնդիրը սուր է նաև Հայաստանում։
«Զերկալո»-ի հոդվածում նշվում է, որ վերջերս Ադրբեջանի միգրացիոն կենտրոնի ղեկավար Ալովսաթ Ալիևը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում խոսել է Ադրբեջանում առկա միգրացիոն խնդիրների մասին։ Ալիևի փոխանցմամբ՝ 2013 թվականին Կենտրոն դիմել է 4553 մարդ․ նրանց մեծ մասը խնդրել է օգնել ձևակերպել Ադրբեջանից դուրս գալու համար անհրաժեշտ փաստաթղթերը։
«Դիմողների մեծամասնությունը երիտասարդ, կիրթ, օտար լեզուներ իմացող մարդիկ են, ովքեր կրթություն են ստացել արտասահմանում»,- նշել է նա։
Ադրբեջանցիների 41%-ը ցանկանում է մեկնել ԱՄՆ ու Կանադա։ Մեկնել ցանկացողների 28%-ը երկրից հեռանալու ցանկությունը բացատրում են ձեռնարկատիրական հնարավորությունների բացակայությամբ։ 14%-ը ցանկանում է կրթություն ստանալ արտասահմանում․ ևս 14% ցանկանում է գաղթականի կարգավիճակ ստանալ:
Ալիևի խոսքով՝ զանգվածային միգրացիա դեպի Ադրբեջան չկա։ Երկիր մուտք գործողների մեծ մասը հարկադիր աշխատանքի զոհեր են՝ հիմնականում Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Պակիստանից, Ֆիլիպիններից։
Նա նաև նշել է, որ երկրում աճում է առանց փաստաթղթերի միգրանտների թիվը։ Դրա պատճառը քաղաքացիություն ստանալու բարդ, մի քանի փուլերից բաղկացած գործընթացն է։ Ադրբեջանում քաղաքացիություն կարելի է ստանալ երկրում հինգ տարի ապրելուց հետո․ այդ ամբողջ ընթացքում մարդիկ ապրում են առանց փաստաթղթերի, ու դեռ փաստ չէ, որ հինգ տարի հետո քաղաքացիությունը կտրամադրվի։ Ներկայումս երկրում առանց փաստաթղթերի ապրում է ավելի քան 30 հազար ներգաղթյալ, ու նրանց կարգավիճակի ու իրավունքների պաշտպանության հարցում բարելավում չի նախատեսվում։
«Ամեն դեպքում, ուսումնասիրությունների համաձայն, Ադրբեջանում ավելի շատ են այն անձինք, ովքեր հրաժարվում են քաղաքացիությունից, քան այն ստանալ ցանկացողները»,- գրում է «Հայելի»-ն։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանցի միգրանտների ճնշող մեծամասնությունը (շուրջ 82%) մեկնում է ԱՊՀ երկրներ, 61%-ը՝ Ռուսաստան։ ԵՄ երկրներ է մեկնում միգրանտների 2,5%-ը, Իսրայել՝ 2,4%, Թուրքիա՝ 1,3%:
Հաշվի առնելով 90-ականներին ծնելիության անկումը՝ երկրում նվազում է 15-24 տարիքային խմբի ներկայացուցիչների թիվը։ Ակնկալվում է, որ 2015 թվականին նրանց թիվը լինելու է 1,54 միլիոն, իսկ արդեն 2020-ին՝ 1,19 միլիոն։
«1989 – 2010 թթ Ռուսաստանում անցկացված մարդահամարների տվյալներով՝ ՌԴ-ում ադրբեջանցիների թիվն աճել է երկու անգամ։ Միևնույն ժամանակ, փորձագետները կարծում են, որ պաշտոնական մարդահամարը չի արտացոլում իրական պատկերը, ու Ռուսաստանում ադրբեջանցիների թիվն իրականում կազմում է շուրջ 2,5 միլիոն մարդ»,- գրում է «Հայելի»-ն։