ԱՄՆ պետդեպը հանդես է եկել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության հայտնի ակտիվիստ, Ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի ձերբակալության վերաբերյալ հայտարարությամբ։
Հայտարարության մեջ ասված է․ «Մենք խորապես մտահոգված ենք Ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի ձերբակալությամբ ու կոչ ենք անում անմիջապես ազատել նրան, քանի դեռ շարունակվում է իրավական գործընթացը։ Մենք բարձրացրել ենք ու շարունակելու ենք բարձրացնել այս հարցը Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան անձանց առջև։ Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ու Կամավորների միջազգային համագործակցություն հանրային միության վերաբերյալ հետաքննության ընթացքին»։
Պետդեպը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել օրեսնդրության մեջ ՀԿ-ների դեմ ուղղված փոփոխություններ չմտցնել ու հարգել ազատ արտահայտվելու իրավունքը, ինչպես նաև հավաքների ազատությունը։
Նշենք, որ հոկտեմբերի վերջին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրգործ էր հարուցել Ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի դեմ՝ հարկերը չմուծելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ապօրինի գործունեության մեղադրանքներով։ Դեկտեմբերի 16-ին նշված մեղադրանքներով ձերբակալվել է կենտրոնի ղեկավարը։
Մամեդլին հերքում է առաջադրված մեղադրանքները։ Նրա խոսքով՝ քրգործը քաղաքական բնույթ ունի ու կապված է հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների մոնիտորինգի ու գնահատման հետ։
Անար Մամեդլին Amnesty international միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից խղճի գերի է ճանաչվել։