Թուրքիայում կաթոլիկ և բողոքական քրիստոնյաների կողմից նշվող Սուրբ ծննդյան տոների (դեկտեմբեր 24-25) նախօրեին մահմեդական երիտասարդների մի խումբ և Ստամբուլի Շիրինևլեր թաղամասի հոգևորականներն երկու առանձին «Հակա-Սանտա» արշավ են անցկացրել, հայտնում է Hurriyet-ը։
Ստամբուլի համալսարանում գործող «Անատոլիայի երիտասարդական ասոցիացիա» միավորումը պաստառ է տարածել, որի վրա պատկերված է, թե ինչպես է մահմեդական երիտասարդը բռունցքով հարվածում Սանտա Կլաուսին։ Երիտասարդները նշել են, որ Սուրբ Ծնունդի դեմ հատուկ հայտարարությամբ հանդես կգան դեկտեմբերի 26-ին։
Խումբն արշավն անվանել է «Մահմեդականներ, վերադարձեք ինքներդ ձեզ» ու հայտարարել, որ «Սուրբ ծնունդը քրիստոնեական տոն է»։ Նրանք նաև քննադատել են Նոր տարվա տոնակատարությունները՝ նշելով, որ երկու օրերը «խառնվել են» ու «միավորվել»։ Ըստ խմբավորման անդամների՝ Սուրբ Ծնունդ ու Նոր տարի նշելը «սխալ է» ու «հարված է մահմեդականությանը»։
Ավելի վաղ Շիրինևլեր թաղամասի հոգևոր առաջնորդը փողոցում պաստառ է փակցրել, ըստ որի՝ Սանտա Կլաուսի ներկայությունն իրենց փողոցներում անցանկալի է։