Երեկ Սերժ Սարգսյանի և «Ռոսնեֆտ» ռուսաստանյան նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի Երևանում կայացած հանդիպման ավարտին «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր: Այս մասին նշում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը։
Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չեն։ Ընդգծենք, որ պայմանագիրը վերաբերում է «Նաիրիտ» գործարանին, որը, փաստորեն, անցնում է «Ռոսնեֆտի» տնօրինության ներքո և աշխատելու է անվադողեր արտադրող աշխարհում խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Պիրելիի» համար։ Պաշտոնական աղբյուրները չեն հայտնում նաև, թե արդյոք ով է իր վրա վերցնելու «Նաիրիտ» գործարանի բազմամիլիոնանոց պարտքերը։