«Դիլիջան» բժշկական կենտրոնի մասնավորեցման գործընթացը թափ է հավաքել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ Կենտրոնի տնօրենի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, չնայած կենտրոնը տնօրեն ունի: Մրցույթը տեղի է կունենա վաղը:
Տավուշի մարզպետարանի թերթի աղբյուրները փոխանցում են, որ մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել կենտրոնի ներկայիս տնօրեն Սիլվա Պետրոսյանը և «Էրեբունի» ԲԿ տնօրեն Արթուր Ռոստոմյանը:
«Վերջինս վերևների «դաբռոյին» արժանացած թեկնածուն է, և ինչպես պնդում է մեր աղբյուրը, Սիլվա Պետրոսյանին արդեն ակնարկել են, որ հաղթելու հույս չունենա:
Բանն այն է, որ ԲԿ-ի ներկայիս տնօրենը և աշխատակազմը դեմ են հիվանդանոցի մասնավորեցմանը, հետևաբար պետք է տնօրենի փոփոխություն լինի, որպեսզի նոր՝ «սվոյ» տնօրենը ստորագրի մասնավորեցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Հիվանդանոցը կրում է Սիլվա Պետրոսյանի՝ ավտովթարից զոհված ամուսնու՝ Վլադիմիր Ավանյանի անունը, ով 18 տարի եղել է հիվանդանոցի տնօրենը: Պետրոսյանը հրաժարվել է իրավիճակի վերաբերյալ որևէ մեկնաբանություն անել», – նշում է թերթը՝ հավելելով, որ աշխատակիցները դեմ են մասնավորեցմանը:
Ավելի վաղ «ՀԺ»-ն գրել էր, որ հիվանդանոցը մասնավորեցնում են ՀՀ առողջապահության նախկին նախարար, «Էրեբունի» ԲԿ սեփականատեր Հարություն Քուշկյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը։