Հաջորդ մի քանի ամիսներին Թուրքիայում դեռ կշարունակեն խոսել կոռուպցիոն սկանդալի մասին, սակայն, ամենայն հավանականությամբ, տեսադաշտից բաց կթողնենք երկրում տեղի ունեցող մյուս իրադարձությունները։ Today's Zaman-ում հրապարակված իր հոդվածում նման կարծիք է հայտնել հրապարակախոս Օրհան Քեմալ Չենգիզը։
Նա նշում է, որ այդ կարևոր իրադարձություններից է, օրինակ, հայ-թուրքական «Ակօս» շաբաթաթերթի վերջերս արած բացահայտումն առ այն, որ պետությունը տեղեկություններ է հավաքում Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ աշխատող գիտնականների մասին։ Այս փաստը, սակայն, Թուրքիայում աննկատ մնաց, գրում է Չենգիզը։
«Ըստ «Ակօս»-ի՝ «Թուրքիայի պատմական հասարակություն»-ը (ԹՊՀ) դիմել է «Բարձրագույն կրթության խորհուրդ» (ԲԿԽ)՝ խնդրելով տրամադրել Հայկական հարցն ուսումնասիրող գիտնականների տվյալները։ Խորհրդի նախագահը, իր հերթին, համալսարաններին է խնդրել տրամադրել այդ տեղեկատվությունը։ «Ակօս»-ի հրապարակած փաստաթուղթը վկայում է, որ ԲԿԽ-ի նախագահը համալսարաններին խնդրել է իրենց տրամադրել Հայկական հարցի թեմայի շուրջ մագիստրոսական ու դոկտորական թեզեր գրող ուսանողների անունները, նրանց կոնտակտային տվյալները, աշխատանքների վերնագրերը։
«Ակօս»-ի հարցին, թե ինչո՞ւ է ԹՊՀ-ին անհրաժեշտ այդ տեղեկատվությունը, կազմակերպության ներկայացուցիչը պատասխանել է, որ այդ ոլորտում աշխատող գիտնականներին կարող են կրթաթոշակներ առաջարկվել։ «Ակօսը»-ի մեկ այլ հարցին՝ արդյոք ԹՊՀ-ն կրթաթոշակ կտրամադրեր մեկին, ով 1915 թվականի դեպքերը որակում է որպես ցեղասպանություն, պաշտոնյան պատասխանել է, որ ԹՊՀ-ն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ու նման աշխատանքների համար, իհարկե, կրթաթոշակներ չեն կարող տրամադրվել։
«Ակօս»-ը, սակայն, պնդում է, որ ԹՊՀ-ն իրականում մտադիր է վերահսկել գիտական ոլորտն ու Հայկական հարցի շուրջ աշխատող անձանց։
Ավելի ուշ նման հոդված է հրապարակել նաև «Թարաֆ» պարբերականը, որտեղ նույնպես նշվում է, թե Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ աշխատողների մասին գաղտի կերպով տեղեկություններ են հավաքում։ Թերթը զրուցել է Ստամբուլի Բողազիչի համալսարանի երկու նախկին նախագահների հետ, որոնք պարզաբանել են՝ ինչպես է գրաքննության մեխանիզմն աշխատում գիտական ոլորտում։
Յուսթյուն Էրգյուդերը հաստատել է, որ ինքը տեղեկատվություն ստանալու մասին նամակներ է ստացել ԲԿԽ-ից։ «Իմ՝ համալսարանի նախագահ լինելու շրջանում ԲԿԽ-ն նման նամակներ էր ուղարկում, բայց մենք դրանց ուշադրություն չէինք դարձնում, քանի որ դրանք կապ չունեին գիտական ազատության մասին մեր պատկերացումների հետ։ Դա արվել է տարիներ շարունակ։ Մենք անգամ նամակներ ենք ստացել, որոնք մեզ կոչ էին անում համոզվել, որ թեզերը գրվում էին «Թուրքիայի միասնության» տեսակետից։ Նման հարցումները հաստատելն ինձ համար անընդունելի է»,- նշել է Էրգյուդերը։
Բողացիչի համալսարանի մեկ այլ նախկին նախագահ Այշէ Սոյսալն ասել է․ «Ես նույնպես նման նամակներ եմ ստացել ԲԿԽ-ից։ Դա սովորական երևույթ էր։ Անգամ նամակներ ենք ստացել, որոնք պահանջում էին հավանություն տալ այն աշխատանքներին, որոնք հաստատում էին պետության դիրքորումը այս կամ այն հարցի շուրջ»։
Երկու նախագահների տրամադրած տեղեկատվությունը բացատրում է, թե ինչու են Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ Թուրքիայում, պաշտոնական տվյալներով, ընդամենը մի քանի թեզեր գրվել ու ինչու են դրանք բոլորը պաշտպանում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը։
Կասկած չկա՝ այս բացահայտված դեպքերը կազմում են ընդհանուր պատկերի միայն մի մասը։ Որպեսզի ամբողջովին հասկանանք, թե ինչու և ինչպես են Թուրքիայի պատմության մասին պաշտոնական թեզերն անփոփոխ մնում, հայտնի ու անհայտ մասնիկները պետք է ինչ-որ կերպ միացվեն», – գրում է հրապարակախոսը։