Home / Տեսանյութեր / ԽՍՀՄ-ը վերականգնելու Պուտինի փորձերն ապարդյուն են․ վերլուծաբան

ԽՍՀՄ-ը վերականգնելու Պուտինի փորձերն ապարդյուն են․ վերլուծաբան

Եթե հավատանք Վլադիմիր Պուտինին, Եվրասիական միությունը համախոհ պետությունների «ընտանեկան գործ» է լինելու։ Եվրոպայում, սակայն, մտավախություն կա, որ Մոսկվայի եղբայրական հռետորության հետևում թաքնված է դառը ճշմարտությունը՝ Կրեմլը փորձում է վերականգնել ԽՍՀՄ-ն ու վերսկսել սառը պատերազմը։ Այս մասին The Financial Times-ում հրապարակված իր հոդվածում նշում է մոսկովյան «Կարնեգի» փորձագիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Լիլիա Շևցովան։

«Եթե Պուտինն իսկապես նման նպատակներ ունի, ապա նրա շարժառիթների մասին կարելի է միայն գուշակել,- գրում է հեղինակը։ – Հնարավոր է՝ Բորիս Ելցինի իրավահաջորդը, ցանկանում է պատմության մեջ մնալ՝ որպես այն վերամիավորած առաջնորդ»։

Ներկա դրությամբ Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը մտնում են Մաքսային միության կազմի մեջ, բայց դա միայն սկիզբն է, շարունակում է Շևցովան․ մինչև 2015 թվականը նրանք կմիանան Եվրասիական միությանը։ Այս նոր կառույցը, ինչպես ԵՄ-ն, ինտեգրում կքարոզի ու կկրկնօրինակի եվրոպական ինստիտուտներին։ Նոր միության կառուցվածքը, սակայն, դեռևսպետք է որոշվի։ Մոսկվան առաջադրել է վերազգային քաղաքական կառույցների գաղափարը, ինչը կնշանակեր անկախության մասնակի կորուստ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն նշել է, որ «ինքնիշխանությունը սրբապատկեր չէ, որին պետք է աղոթել»։ Ղազախստանի ղեկավար Նուրսուլտան Նազարբաևը, ընդհակառակը, կարծում է, որ տնտեսական ինտեգրումն էլ բավական է։

Մեկ այլ «գայթակղության քար»՝ արդյո՞ք պուտինյան դաշնագիրը ստորագրած երկրները կկարողանան «ընդունել այլ երկների սիրահետումները»։ Վճռականությունը, որով Կրեմլը Ուկրաինային խանգարեց ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, խոսում է այն մասին, որ Պուտինն իր եվրասիական նախագիծը համարում է այլընտրանք միասնական Եվրոպային։

Պուտինը չէր կարողանա այսքան հեռուն գնալ, եթե նրա նախագիծը չամրապնդվեր Ռուսաստանի ֆինանսական հզորությամբ, նշում է քաղաքագետը։ Վերլուծաբանների հաշվարկներով, Լուկաշենկոյի ռեժիմին աջակցությունը Ռուսաստանի վրա նստում է տարեկան 7-12 միլիարդ դոլար, իսկ Ուկրաինայի նախագահի՝ Ռուսաստանի հետ «ամուսնության» համաձայնության համար Մոսկվան 15 միլիարդ դոլար է տրամադրել ու խոստացել նվազեցնել գազի գինը։

Ռուսաստանի բյուջեն, սակայն, ընդունակ է դիմանալ նման կաշառքների միայն սահմանափակ թվի։ Ընդ որում, փողի պակասը միակ խոչընդոտը չէ․ Ուկրաինայում ու Բելառուսում Ռուսաստանից կախվածությունը հակասում է ազգայնական տրամադրություններին։ Անգամ ռուսաստանցիները շուտով կհոգնեն վճարել իրենց էլիտաների կայսերական բարդույթների համար։

«Եվրասիական նախագիծը հետխորհրդային արշիպելագի միրաժն է, որտեղ բռնապետ առաջնորդներն օգտագործում են միմյանց՝ իշխանության գլխին ավելի երկար մնալու համար։ Սա դեռ որոշ ժամանակ կշարունակվի, բայց արդեն շուտով Պուտինի կայսերական հավակնությունների վերջը կգա»,- գրում է Շևցովան։