Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և տեսել է Շանթ Հարությունյանին: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Փաշինյանը, սակայն, նշում է, որ Հարությունյանի հետ շփվելու հնարավորություն իրեն չի տրվել:
«Շանթ Հարությունյանը հյուծված էր և հաստատակամ», – գրում է Փաշինյանը: Հիշեցնենք, որ ցերեկը Հարությունյանին, ով երեկվա դրությամբ 16 օր հացադուլի մեջ էր գտնվում, տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ը։ Նա գլխապտույտներ և արյան ճնշման անկում է ունեցել։ Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը ձերբակալված է նոյեմբերի 5-ից, նա բողոքում է, որ անազատության մեջ գտնվելուց ի վեր իրեն թույլ չեն տվել տեսակցել իր հարազատներին։
Փաշինյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ անդրադարձել է նաև երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ Հարությունյանի մասին հնչած հայտարարություններին․
«ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ասում է՝ ցանկացած անձ, այդ թվում` Շանթ Հարությունյանը, պիտի պատասխանատվության ենթարկվի իր արարքների համար, եթե դատարանը սահմանված կարգով կհաստատի նրա մեղավորությունը:
Իսկ ինչո՞ւ դատախազը միտքը այսպես չի ձեւակերպում՝ ցանկացած կալանավորված անձ, այդ թվում` Շանթ Հարությունյանը, պիտի ազատ արձակվի, եթե դատարանում սահմանված կարգով նրա մեղավորությունը չհաստատվի:
Այսպես ասաց, «ցանկացած անձերի» հետ կապված գործերում դատախազը հղում է անում խամաճիկային դատարանի վրա, իսկ, օրինակ, Սյունիքի նախկին մարզպետի հետ կապված գործը կարճում է անձամբ, դատարաններին փայ չթողնելով:
Այս ֆոնին հարկ եմ համարում ընդգծել՝ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ կիրառվող տեսակցությունների և նամակագրության արգելքը համարում եմ քաղաքական հաշվեհարդար»: