ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառությունից հանել է «Փաստաբանության մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նա ասել է, որ նման որոշում կայացվել է Արդարադատության նախարարության հետ «կառուցողական քննարկումների» արդյունքում:
Զոհրաբյանի խոսքով՝ մեծ դեր է խաղացել այն, որ փաստաբանները միասնական էին, վճռական էին տրամադրված և փաստարկված պնդում էին, որ նախագծերն անհիմն են:
Հիշեցնենք, որ նախարարությունը ցանակնում էր օրենսդրական փոփոխությունների միջոցով նոր պետական տուրք սահմանել փաստաբանների համար՝ տարեկան 60.000 դրամ: Գործող օրենքով՝ փաստաբանների հաշվառման գրանցամատյանը վարում է Փաստաբանների պալատը՝ առանց հավելյալ վճարումների։
Փաստաբանները ժողով էին անկացրել, բարձրաձայնել իրենց դժգոհությունների մասին, հայտարարել, որ պատրաստ են գործադուլ անել, եթե նախագիծն ընդունվի: Ըստ փաստաբանների՝ առավել մտահոգիչը ոչ թե տարեկան տուրքն է, այլ այն, որ սահմանափակվում է փաստաբանների ազատությունը՝ նրանց Արդարադատության նախարարությանը ենթարկելու փորձ անելու միջոցով:
Փաստաբան Արայիկ Պապիկյանն ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ ներկայացված նախագծով, ավելի ստույգ՝ դրա հիմնավորումներով, տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնյաները մտահոգված են ոչ թե արդարադատության մատչելիության, դրա նկատմամբ վստահության բարձրացման, իրավական հասարակարգ կառուցելու հարցերով, այլ անհանգստանում են օրեցօր ավելացող բողոքների քանակից, որն իրենց համար ծանրաբեռնված աշխատանքի պատճառ է դառնում և թույլ չի տալիս հանգիստ աշխատել: