Հունվարի 11-ին ԱՄՆ-ում 58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:
Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955թ. հուլիսի 7-ին Բոստոնում: Սովորել է Բոստոնի «New England» կոնսերվատորիայում, որից հետո ուսումը շարունակել է Գերմանիայի Մայնց քաղաքում: Դիրիժորական արվեստ է սովորել Ֆրանկո Ֆերարայի մոտ: 1979թ. Գերմանիայում եղել է հանրահայտ Սերջիու Չելիբիդակեի աշակերտը: Սովորել է նաև Յակոբ Դրուգմանի և Լեոնարդ Բերնսթայնի մոտ: Եղել է Հայաստանի պետական Կամերային նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը: 1983թ. հիմնել է Բոստոնի «Սինֆոնովա» նվագախումբը, որը ղեկավարել է մինչ 1991թ.: