Home / Հայաստան / Իմ օրոք «Գազպրոմը» նման պայմաններ չի դրել․ Քոչարյանը՝ գազային համաձայնագրի մասին

Իմ օրոք «Գազպրոմը» նման պայմաններ չի դրել․ Քոչարյանը՝ գազային համաձայնագրի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար անհասկանալի է գազի գնի փոփոխությունը թաքցնելու կառավարության տրամաբանությունը։ Այս մասին նա ասել է 2rd.am կայքի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ 2011 թվականից Ռուսաստանը գազի գինը Հայաստանի համար ավելի թանկ է հաշվարկել, սակայն ՀՀ կառավարությունը չի հայտարարել է այդ մասին, ինչի հետևանքով պետությունը պարտք է կուտակել, որը մարել է «Հայռուսգազարդ»-ի իրեն պատկանող բաժնեմասի 20 տոկոսը «Գազպրոմ»-ին հանձնելով։

«Ակնհայտ էր, որ գազը հանրապետություն էր մտնում շատ ավելի թանկ գնով, քան սպառողների համար հաշվարկվող սակագներն էին: Դա երևում էր մաքսային ապրանքագրերից, ինչի մասին մի շարք հրապարակումներ եղան մամուլում: Ընդ որում, հենց սկզբից հասկանալի էր, որ կառավարությունը չի կարող խուսափել տհաճ բացատրություններից, քանի որ օրենսդրությունն ուղղակի թույլ չի տալիս շրջանցել խորհրդարանը: Գուցե, այնուամենայնիվ, հույս ունեին «Գազպրոմ»-ի հետ համաձայնության գալ որևէ այլ սխեմայով, բայց չստացվեց: Արդյունքում ստացվեց շատ տհաճ պատմություն, և կառավարության հեղինակությունը լրջորեն տուժեց: Քննարկումներն ԱԺ-ում ճնշող տպավորություն թողեցին, կարծում եմ, ոչ միայն ինձ վրա:

Կառավարությունը չուներ կատարվածի վերաբերյալ ողջամիտ բացատրություններ և ծայրահեղ անհամոզիչ էր: Ավելի հեշտ կլիներ պարզապես ներողություն խնդրել: Սա վատ նստվածք թողեց հասարակության կողմից համաձայնագրի ընդհանրական ընկալման վրա, նաև՝ դրա լեգիտիմության առումով: Հասարակությունն ընտելացել է բազմաթիվ քաղաքական գործիչների անսկզբունքայնությանը, բայց իշխանության ինստիտուտներից մեկի հանրության աչքի առաջ այսչափ «ճարպիկանալը» շոկ է առաջացնում: Հայաստանը, ցավոք, երբեք աչքի չի ընկել պետական ինստիտուտների նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակով (բացառությամբ բանակի, իսկ այսպիսի իրադարձությունները քայքայում են այդ վստահության մնացորդները», – ասել է Քոչարյանը։

Անդրադառնալով «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասի վաճառքին՝ Քոչարյանն ասել է, որ այդքանով ՀՀ կառավարությունը ամբողջապես հեռացել է ընկերության կառավարումից՝ ստանալով միայն Տնօրենների խորհրդի նիստերին դիտորդ լինելու իրավունք:

«Այնքան էլ հաճելի չէ, իհարկե, կորցնել ազդեցությունը, սակայն ամեն դեպքում դա տեղավորվում է բիզնեսի տրամաբանության շրջանակում, եթե չլինեին բացառիկ իրավունքները, որոնք տրամադրվեցին այդ բնական մենաշնորհին մինչև 2043 թվականը: Համաձայնագրի այս հատվածը ծայրահեղ խոցելի է: Ես փորձեցի բնական մենաշնորհների մասով նմանատիպ համաձայնագրերի օրինակներ փնտրել համաշխարհային պրակտիկայում, բայց անօգուտ: Հնարավոր է վատ եմ փնտրել, գուցե, պիտի ուրիշ մայրցամաքում և այլ ժամանակներում որոնեի: Եվ սա կատարվում է այն ժամանակ, երբ աշխարհում նավթագազային բնագավառը և ընդհանրապես համաշխարհային էներգետիկան դինամիկ փոփոխությունների փուլ է մտել: Դա կարող է տեսանելի ապագայում պահանջել օրենսդրական փոփոխություններ ու մոտեցումների լուրջ վերանայում էներգետիկայի բնագավառում: Պատանդ չի դառնա արդյո˚ք երկրի էներգետիկան վերոհիշյալ համաձայնագրի ձեռքում:

Այս համաձայնագրով կառավարությունը դիտորդ դարձավ ոչ միայն Հայռուսգազարդում, այլև ընդհանրապես հանրապետության գազի բնագավառում:

Ես «Գազպրոմ»-ի հետ խիստ արդյունավետ համագործակցության տասնամյա փորձ ունեմ, որի արդյունքներից են Հայաստանի լայնածավալ գազաֆիկացումը, ստորգետնյա պահեստարանների նշանակալի ընդլայնումը, Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցումը, Իրան-Հայաստան գազատարը, և վերջապես՝ շահավետ գնով երկրի տասնամյա կայուն գազամատակարարումը: Երբեք «Գազպրոմ»-ը չի դրել այսպիսի պայմաններ, այս թեմայով նույնիսկ խոսակցությունները կթվային անտեղի: Եվ դա մեր տնտեսության մեջ հարյուրավոր միլիոնների ներդրումներ կատարելու պարագայում: Իսկ թե ինչու հիմա տեղի ունեցավ այս ամենը՝ չեմ կարող ասել, որևէ բացատրություն այս կապակցությամբ չեմ լսել», – ասել է Քոչարյանը: