Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը կառավարությունից 36,1 միլիոն դրամ փող է խնդրել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Այդ գումարով, ըստ Հակոբյանի, պետք է վճարվեն Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի և նրանց հասցեով ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերը։ ԱԱԾ-ն պետք է վճարի նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին վերը նշված պատճառով առաջացած պարտքը։
Թերթը նշում է, որ հարցը կքննարկվի հունվարի 16-ին կայանալիք կառավարության նիստում։ Կառավարությունը հավանության դեպքում պետք է պահեստային ֆոնդից վճարի ԱԱԾ պետի պահանջած գումարը։
Նշենք, որ այդ պարտքը կուտակվել է միայն 2013 թվականի 3-րդ եռամսյակում: Ինչպես նշում է «Փաստինֆո»-ն, 36 միլիոն դրամ տրամադրելու կարգը գործում է 2004 թվականից, երբ երկաթուղին դեռ ռուսական չէր, և դրանից հետո կարգը չի վերանայվել ու շարունակում է գործել մինչ օրս:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում