Ադրբեջանցի միլիարդատեր Հաֆիզ Մամեդովի փողերի կասկածելի ծագումը բարդ կացության մեջ է դրել ֆրանսիական «Լանս» ֆուտբոլային ակումբին։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ֆրանսիական L'Equipe մարզական թերթին, օլիգարխը չի կարողացել ակումբի հաշվին փոխանցել խոստացված 6 միլիոն եվրոն։
Ներկայումս «Լանս»-ը Ֆրանսիայի առաջնության երկրորդ լիգայի մրցաշարում երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում ու բարձրագույն լիգա անցնելու իրական հնարավորություններ ունի։
Ֆրանսիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության՝ փողերի լվացման դեմ պայքարի գործակալությունը հայտարարել է, որ երբեք չի թաքցրել իր կասկածները ադրբեջանցի միլիարդատիրոջ ներդրած գումարների ծագման վերաբերյալ։ Գործակալությունը հայտարարել է, որ կշարունակի հետևել Հաֆիզ Մամեդովի գործունեությանը Ֆրանսիայում։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ակումբների գործունեության վերահսկողության հանձնաժողովը իրեն պատկանող «Լանս» ակումբին արգելել է նոր խաղացողներ ձեռք բերել։ Հանձնաժողովն իր որոշումը հիմնավորում է նրանով, որ ակումբի ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս այս մրցաշրջանում նոր տրանսֆերներ իրականացնել։
Ակումբը գնելուց հետո՝ Մամեդովը 5 միլիոն եվրո է փոխանցել «Լանս»-ի հաշվին, իսկ մինչև հունիսի 30-ը պետք է ևս 6 միլիոն փոխանցի։ Հանձնաժողովը, սակայն, ակումբի ղեկավարությունից պահանջել է իր վճարունակությունն ապացուցել արդեն հիմա։
Հաֆիզ Մամեդովի փողերով «Լանս»-ը պատրաստվում էր մի քանի ֆուտբոլիստ ձեռք բերել։ Ինքը՝ միլիարդատերը, հայտարարել է, որ պատրաստ է գնել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, սակայն ներկա պահին ֆրանսիական ակումբը հետաքրքրված է ավելի էժան ֆուտբոլիստներով։
Մամեդովը նաև ադրբեջանական «Բաքի» ակումբի սեփականատերն է։