Օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում բողոքի ակցիայի մասնակից, ակտիվիստ Վարդան Գերավետյանի դեմ հարուցված գործով դատական նիստն այսօր չի կայացել, քանի որ, ինչպես տեղեկացրել են դատարանում պաշտպանական կողմին, Վարչական դատարանի դատավոր Արման Թոմվասյանն անսպասելի արձակուրդ է մեկնել»:
Այս մասին Epress.am-ին հայտնել է Գերավետյանի փաստաբան Տիգրան Եգորյանը:
«Այնքան անսպասելի, որ մեզ չեն ծանուցել, այլ այստեղ՝ դատարանում են հայտնում այդ մասին», – ասել է Եգորյանը:
Գերավետյանին մեղադրում են ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մեջ, Վարչական դատարանը հայցը ներկայացրել է ոստիկանությունը:
Նշենք, որ այսօր նշանակված նիստին պետք է ներկայանային գործով վկա ոստիկանները՝ Արաբկիրի նախկին ոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը, Երևանի ոստիկանապետի տեղակալ Կարեն Մովսիսյանը և դեպքի վայրում ներկա մի քանի այլ ոստիկաններ:
Դեռևս նախորդ նիստին ոստիկաններին դատարան կանչելու մասին միջնորդել էր նախաքննական մարմինը։
Վարդան Գերավետյանը միջնորդությանը չի առարկել, քանի որ ինքը ևս ցանկանում էր պարզել հարցեր ուղղել ոստիկաններին՝ կապված նրանց ցուցմունքների հետ։ Ակտիվիստը պնդում է, որ մեղադրանքն անհիմն է։
Հիշեցնենք, որ Կոմիտաս 5 հասցեի հարակից շենքերի բնակիչները պնդում էին, որ շենքի շինարարությունն ապօրինի է և իրենց միացած ակտիվիստների հետ բողոքի ակցիաներ էին անցկացնում։