Armenia Today լրատվական գործակալության համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը վերսկսվել է, քանի որ նախաքննական մարմինը Կիվիրյանի վրայից հանել է սուտ մատնության մեղադրանքը։ Դրանից հետո նրա հանդեպ կիրառելի է դարձել համաներումը, քանի որ մնացել է միայն մեկ քրեական հոդված՝ 316-րդը (ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելը):
Կիվիրյանը հրաժարվել է համաներումից, և այդ պատճառով էլ նախաքննությունը վերսկսվել է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:
Փաստաբանի խոսքով՝ քննիչը որևէ հիմնավորում չի ներկայացրել՝ թե ինչու է հանվում մեղադրանքներից մեկը:
Կիվիրյանը հրաժարվել է համաներումից, քանի որ իր դեմ առաջադրված մեղադրանքը համարում է անհիմն և պահանջում է, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն իր նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները:
Սահակյանը հիշեցրել է, որ դեռ երբ առաջին անգամ ավարտվել էր նախաքննությունը, Կիվիրյանը դիմել էր, որպեսզի քրեական գործ հարուցվի իր հաղորդման հիման վրա:
Կիվիրյանը պնդում է, որ ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են կիրառել Կոմիտաս 5 հասցեում 2013 թվականի օգոստոսի 24-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ։ Այդ մասին նա գրավոր ցուցմունք է ներկայացրել, սակայն իր դիմումի հիման վրա քրեական գործ չի հարուցվել: