Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը մանրամասներ է հրապարակել իր և ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին և հերքել, թե այդ վեճը հրարել են Սամվել Ալեքսանյանը և Տիգրան Սարգսյանը,: Վերջին շրջանում այդ մասին խոսակցություններ են շրջանառվում, սակայն Սուրենյանցը հավաստիացնում է, որ այդ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Սուրենյանցը նշել է, որ դեկտեմբերի 14-ին Վահան Կարապետյանն իրեն հարվածել է՝ մի քանի տարվա վաղեմության մի իրադարձություն հիշելով:
Այդ հարվածի հետևանքով՝ Սուրենյանցը ստացել է մարմնական լուրջ վնասվածք աչքի շրջանում:
«Փոխարենը ես՝ տուժողս խոսեմ, այլոք են ակտիվացել, ասում են, թե իբրև ինձ ԲՀԿ պատգամավորի դեմ են հանում, հրահրում Սամվել Ալեքսանյանը կամ Տիգրան Սարգսյանը: Բացարձակ անհեթեթություն: Ի՞նչ կապ ունեն այս անուններն այն հանգամանքի հետ, որ Վահանն ինձ հարվածել է, թե Վահանին էլ են նրանք դրդել, որպեսզի հետո ԲՀԿ-ի դեմ կամպանիա իրականացնեն»,- գրում է Սուրենյանցը:
Նրա խոսքով՝ ինքը Վահան Կարապետյանի դեմ չի բողոքել՝ գործը ՀՔԾ է հասել ոչ թե իր բողոքի պատճառով, այլ նրա համար, որ վիճաբանության կողմերից մեկը պաշտոնյա է: Սուրենյանցը նշել է, որ ընդամենը առողջությանը հասցրած վնասի դիմաց փոխհատուցում է պահանջում։
«Բարձր կարծիքի եմ Գագիկ Ծառուկյանի մասին: Թերևս իմ համեստ լռությունն ոմանց առիթ տվեց՝ իրենց «իրականությունը» մատուցել պարոն Ծառուկյանին: Հակառակ դեպքում՝ ԲՀԿ նախագահը հազիվ թե հանդուրժեր այս վիճակը»,- գրում է Սուրենյանցը:
Լուսանկարը՝ Սուրեն Սուրենյանցի «Ֆեյսբուքի» էջից