Շուրջ 600 միլիոն դոլար արժողությամբ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության ծավալներն ու բնույթը խոսում են այն մասին, որ արդեն մոտ ապագայում նախագիծը կդառնա Հայաստանը մեկուսացնող լուրջ քաղաքական և տնտեսական գործոն։ Այս մասին գրում է «Ռեգնում» գործակալության վերլուծաբան Արշալույս Մղդեսյանը։
Հեղինակի խոսքով՝ Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի երկաթուղիները կապող տրանսպորտային միջանցքը հետզհետե ձեռք է բերում ուրվագծեր, որոնք չեն բխում Հայաստանի ու Իրանի շահերից, բայց միանգամայն համապատասխանում են Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի շահերին։ Ճանապարհի շինարարությունը ծրագրվում է ավարտել է 2014 թվականին։
Մղդեսյանը նշում է, որ 2007 թվականին՝ շինարարության մեկնարկին, Հայաստանի իշխանությունները, ինչպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի դեպքում, ներքին լսարանին մղիթարում էին նրանով, որ դա զուտ քաղաքական նախագիծ է ու տնտեսական տեսակետից՝ անշահավետ։ Որպես փաստարկ նրանք ներկայացնում էին բնական գործոնները՝ տարածաշրջանի լեռնային տեղանքը, որտեղ ընկած է երկաթուղին, ինչպես նաև ուժեղ ձյան հավանականությունը, որը կարող է կաթվածահար անել երկաթուղու աշխատանքը ձմռանը։
Լրագրողը, անձամբ ներկա գտնվելով երկաթուղու շինարարությանը, գրում է, որ ճանապարհի երեսպատման համար օգտագործվում են նորագույն ենթակառուցվածքային լուծումներ․ ֆինանսավորման ծավալները դա թույլ են տալիս։ Այսպիսով, վրացական լեռնային տեղանքի հետ կապված սպառնալիքները նվազագույնի են հասցվում։
Սկզբնական շրջանում ճանապարհով ծրագրվում է տեղափոխել մինչև 10 միլիոն տոննա բեռ, իսկ հեռանկարում՝ 25 միլիոն տոննա։ Նախագիծը ապագայում մտադիր է կապել Հարավային Կովկասի երկաթուղիները (բացառությամբ Հայաստանի, Ադրբեջանի հետ ԼՂ հակամարտության պատճառով – «Ռեգնում») Եվրոպային՝ Թուրքիայի «Մարմարայ» թունելի միջոցով։
Մղդեսյանը գրում է, որ թուրք-ադրբեջանական օղակը կարող է փակվել ու Վրաստանի տարածքի միջոցով Ադրբեջանն ու Թուրքիան կապող ժողովրդագրական գոտի ձևավորել։ «Հայտնի չէ՝ ապագայում այդ գործոնն ինչպես կօգտագործվի։ Հավանական է, որ անհրաժեշտության դեպքում, թուրք-ադրբեջանական գոտին կարող է Հայաստանն արգելափակել հյուսիսից»,- նշում է հեղինակը։