Այն իրավիճակը, որն այսօր ձևավորվել է բանակցային գործընթացում, չի կարող գոհացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Այս մասին «Արմենպրես» գործակալության հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ արգործնախարար Կարեն Միրզոյանը։
«Առաջին հերթին ուզում եմ նշել, որ, խոսելով առանց պաշտոնական Ստեփանակերտի ուղղակի մասնակցության բանակցային գործընթացի թերարժեքության մասին, մենք ելնում ենք հակամարտության կարգավորման շահերից: Համոզված եմ, որ բոլորը, ովքեր տեղյակ են խնդրի էությանը և ընթացող գործընթացներին, հասկանում են այն պարզ ճշմարտությունը, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն հաշվի առնելով առկա իրողությունները և բանակցությունների լիարժեք ձևաչափի՝ նրա բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջական և ուղղակի մասնակցությամբ վերականգման պայմանով։ Այսօր միակ խնդիրը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականություն է, որ միտված է խոչընդոտելու լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնմանը», – ասել է Միրզոյանը:
Նա նշել է, որ հակամարտության վերջնական կարգավորման համար անհրաժեշտ է բոլոր ջանքերը կենտրոնացնել ԽՍՀՄ փլուզման և հակառակորդի կողմից Արցախին պարտադրված պատերազմի արդյունքում ձևավորված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար համապատասխան մեխանիզմների ու պայմանների մշակման վրա:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Արցախի ազատությունը և անվտանգությունը բարձրագույն արժեքներ են մեր ժողովրդի համար և սակարկության ենթակա չեն», – ասել է Կարեն Միրզոյանը: