Թատերագետ Լևոն Մութաֆյանը խորը հեգնանքով է վերաբերում իր դեմ դատական հայց ներկայացրած ՀՀ նախագահի «Արվեստ» մրցանակի շնորհման հանձնախմբի անդամներին և արհամարհում է այն մտավորականին, ով գործարքի է գնում և մրցանակներ է կեղծում։ Այս մասին Մուտաֆյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում։
Նա նշել է, որ իրեն մեղադրում են «ֆեյսբուք» սոցիալական ցանցում արված գրառման համար, որը իր կողմից ջնջվել է այն տեղադրելուց մոտ 2 րոպե անց։
«Զայրացած գրառումն անելիս օգտագործել եմ ոչ պարկեշտ «պոռնիկ» բառը, սակայն երբ ամբողջը ջնջեցի, պարզվեց, որ կայքերից մեկը՝ առանց իմ գիտության ու համաձայնության վերցրել է իմ գրառումը ու տեղադրել։
«Այժմ հանձնախմբի անդամները ինձանից պահաջում են հրապարակին ներողություն խնդրել իրենցից, ինչպես նաև 2 միլիոն դրամ, իսկ կայքից 1 միլիոն դրամ՝ վիրավորելու, իրենց պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորելու համար», -պատմել է թատերագետը։
Վերջինիս խոսքով՝ ամեն ինչ սկսվել է 2013 թվականի մայիսին, երբ նախագահի «Արվեստ» մրցանակին է ներկայացրել «Ձուկն առանց ջրի» պիեսն ու բերմադրությունը։
«Արդյունքների ամփոփման ժամանակ մասնագիտական հանձնախումբը՝ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի գլխավորությամբ, ոչ արհեստավարժ որոշում կայացրեց։ Նշեմ, որ հանձնաժողովում որևէ թատերական գործիչ ընդգրկված չէր՝ ճարտարապետներ էին, նկարիչներ, մեկ կինոգետ և մեկ երաժշտագետ։ Ոչ մասնագետները որոշել էին թատերական աշխատանքին մրցանակներ չտալ, ավելին՝ սահմանված էր 1 մրցանակ, մինչդեռ երկու հոգի էին ներկայացված։ Հորինվեց երկրորդ մրցանակը և երկուսն էլ տրվեցին նկարիչներին՝ նշանավոր Հակոբ Հակոբյանին և Հենրիխ Էլիբեկյանին, ում հետ ես խնդիր ունեմ։ Թատերքական այն աշխատանքը, որը մենք ներկայացրել էինք, իբրև գեղարվեստական գործ շատ ավելի մեծ արժեք է, քան Էլիբեկյանի անգույն, անհետաքրքիր նկարաշարը։ Ի վերջո՝ ինչպե՞ս կարելի է նկարը, ֆիլմը, ներկայացումը դիզայներական ախատանքը դնել իրար կողքի ու որոշել, թե ո՞րն է լավ կամ վատ։ Սա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում էր, ինչի մասին էլ հոդված գրեցի՝ «Նկարիչների մաֆիան՝ ընդդեմ ՀՀ նախագահի»», – մանրամասնել է մեր զրուցակիցը։
Նա հոդվածում հիշատակել է, որ ամեն տարի նկարիչներն են արժանանում ՀՀ նախագահի մրցանակին՝ «ամեն տարի իրենք իրենցով հավաքվում են ու իրենց կոլեգաներին մրցանակներ տալիս»։
«Այստեղ կա նաև սուբյեկտիվ տարրը՝ Գուրգեն Մուշեղյանին ես խիստ քննադատության էի ենթարկել Սոս Սարգսյանի ղեկավարած Համազգային թատրոնի շենքի կառուցման հարցում նրա արտահայտած դիրքորոշման մասով։ Ահա այս ամենը մարդիկ օգտագործեցին մրցանակը շնորհելու ժամանակ, ինչի արդյուքնում ես ֆեյսբուքյան էջում կատարեցի գրառումս», -ասել է Մութաֆյանը։
Թատերագետը ընդգծել է, որ «Հայաստան» հիմնադրամի պատասխանատու Աիդա Խաչիկյանը մինչև մրցույթը և հետո երկու անգամ ստել է իր այն հարցին՝ «արդյո՞ք հանձնժողովի կազմում թատրերական գործիչ կա»՝ դրական պատասխան տալով։
«Հանձնաժողովը հանդես եկավ իմ դեմ գրված հոդվածով, որտեղ ինձ անձնական վիրավորանքներ էին հասցրել՝ կոչելով ոչ ադեկվատ մարդ, հոգեկան հիվանդ և դրանից հետո դիմում են դատարան», – ասել է Մուտաֆյանը։
Epress.am-ը մեկնաբանության համար դիմել է հայցվոր կողմի փաստաբան Արփինե Եղիկյանին, սակայն վերջինս հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ դրա համար չունի հայցվոր կողմի համաձայնությունը։
Լուսանկարը՝ Լևոն Մուտաֆյանի Facebook սոցիալական ցանցի էջից