15։30 Ազատության հրապարակից մեկնարկեց հավաքի մասնակիցների երթը։
15։15 Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հավաքի մասնակիցներին ՀԱԿ կուսակցության անունից ողջունել է Լևոն Զուրաբյանը: Նա ասել է, որ սա երիտասարդների (նկատի ունի «Դ!եմ եմ» շարժումը) նախաձեռնության հանրահավաքն է, այն ավելի քաղաքավարի է, բայց ինքը նախընտրում է ավելի կոպիտ խոսել օրենքի մասին և իրերն իրենց անուններով կոչել:
«Սերժ և Տիգրան Սարգսյանների օրոք 5 միլիարդ դոլար Հայաստանից ապօրնաբար դուրս է եկել: Հիմա ուզում են, որ մեր փողերը վստահենք այս իշխանությա՞նը»,- ասել է Զուրաբյանը:
Հավաքվածները վանկարկել են՝ «ոչ», ապա շարունակել են գոռալ՝ «Սերժիկ, հեռացիր», «Պայքար մինչև վերջ»։ Հանրահավաքի երիտասարդ նախաձեռնողները, իրենց հերթին, սկսել են վանկարկել՝ «Մենք ենք տերը մեր երկրի»: Լևոն Զուրաբյանը երիտասարդներին խորհուրդ է տվել չխրտնել «Պայքար մինչև վերջ» կարգախոսից։
14։00 Ազատության հրապարակում մեկնարկել է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հավաքը: Հրապարակը բավականին մարդաշատ է, ներկաները ծածանում են Հայաստանի դրոշները և բազմաթիվ պաստառներ, որոնց վրա, մասնավորապես, գրված է՝ «Դեմ եմ կուտակայինին», «Stop», «Նո պասարան», «Խեղճ Քսակս քո մեշոկին վնաս չէ»: Հավաքվածները վանկարկում են «Կասեցում, կասեցում», «Հաղթանակ», «Պայքար, պայքար մինչև վերջ», «Միացում»։
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի ՍԴ-ն հունվարի 25-ի նիստում հակասահմանադրական ճանաչի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենքը:
Հանրահավաքին մասնակցում են ԱԺ 4 ոչ կոալիցիոն ուժերը՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և Ժառանգություն, ինչպես նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագիր» շարժման անդամները:
Ակցիային նաև մասնակցում են մարդիկ, ովքեր 1974 թվականից առաջ են ծնվել, այսինքն՝ նրանց վրա օրենքը չի տարածվում։
Հանրահավաքին ելույթ է ունեցել ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով կոչ է արել միասնական լինել, քանի որ միայն այդ դեպքում ժողովուրդը կարող է հաջողության հասնել ոչ միայն այս հարցում, այլև Ռուսաստանի հետ կնքված գազային պայմանագրերը չեղյալ համարելու հարցում:
«Օրենքը բխում է միայն իշխանության կլանի շահերից, որին անհրաժեշտ են միայն գումարներ, իրենց փող է անհրաժեշտ է: Սա բացահայտ ռեկետ է: Ինչքա՞ն պիտի արհամարհել, չսիրել սեփական ժողովրդին: Սա ցինիզմ որակելը այլևս մեղմ գնահատական է: Հիմա ես տեսնում եմ՝ Գագիկ Հարությունյանի ուսանողների պաստառը՝ «Ապացուցիր, որ չես ստել մեզ դասավանդելիս»: Այս ՍԴ-ն, որը միշտ սպասարկել է իշխանությունը, այսօր շանս ունի ապացուցելու, որ ժողովրդին է ծառայում»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Չնայած հանրահավաքը նախաձեռնած «Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» շարժման անդամներն այսօր ավելի վաղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոչ էին անել չքաղաքականացնել պայքարը, Զոհրաբյանի ելույթից հետո մարդիկ սկսել են վանկարկել՝ «Սերժիկ, հեռացիր»: