«Հարգելի դատարան» արտահայտությունը «պատվարժան դատարան» արտահայտությամբ փոխարինելը չի բարձրացնի դատարանների պատիվը, քանի դեռ վերջիններս անկախ, արդար և անաչառ չեն։ Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փաստաբան Գայանե Խաչատրյանը։
Նշենք, որ 2014 թվականի հունվարի 7-ից ուժի մեջ է մտել ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, որի 100-րդ հոդվածի համաձայն, այսուհետ դատավարության մասնակիցները և այլ անձինք նախկին «հարգելի դատարան»-ի փոխարեն դատարանին պետք է դիմել «պատվարժան դատարան» արտահայտությամբ։
«Թեև գործող դատավարական այլ օրենսգրքերում փոփոխություններ դեռ չեն արվել, բայց «պատվարժան դատարան» դիմելաձևը սահմանված է նաև քրեական դատավարության օրենսգրքի նախագծերով։ Ինչպես միշտ մեր օրենսդրական փոփոխությունները կրում են ձևական բնույթ և արդյունավետ չեն, քանի որ բուն խնդիրներն ու թերությունները փոփոխելու կամ վերացնելու փոխարեն, փոփոխություններ առաջարկող և օրենսդիր մարմինները փոխում են արտահայտությունները, կամ բառացի թարգմանում այլ օրենսգրքերից, ինչպես նաև այլ տարբերակ առաջարկում՝ ցուցադրելով իբրև հսկայական կատարած աշխատանք, ինչպես այս դեպքում», -նշել է մեր զրուցակիցը։
Վերջինս կարծիք է հայտնել, որ դիմելաձևը փոփոխելու փոխարեն, լավ է մտածեին դատարանների պատիվը գործնականում բարձրացնելու մասին։
«Որքան էլ դատարաններին դիմենք «պատվարժան դատարան»-ով, դրանից նրանց պատիվը չի բարձրանա։ Անգամ խուսափում էի նախկինում ընդունված «հարգելի դատարան» արտահայտությամբ շատ հաճախ դիմել դատարաններին, ուր մնաց հիմա «պատվարժան դատարան»», -եզրափակել է Խաչատրյանը։