Home / Հայաստան / Իրանական ընկերությունը պահանջում է սնանկ ճանաչել «Նաիրիտը»

Իրանական ընկերությունը պահանջում է սնանկ ճանաչել «Նաիրիտը»

«Իրանական «SandbadTir INTL Transport Co.LTD»–ի ընկերությունն անցած տարի նոյեմբերի 19-ին դիմել է դատարան «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով, գրում է «168 ժամ» պարբերականը։ Գործը քննում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանը։ Իրանական ընկերությունը գրանցված է Իրանի Թավրիզ քաղաքի Ազատի փողոցում (ըստ datalex.am կայքում առկա տեղեկությունների)։

Դատարանում իրանական ընկերության շահերը ներկայացնող Վրեժ Խաչիկյանը թերթի թղթակցին ասել է, որ «Նաիրիտի» ներկայացուցիչները փաստաթղթեր են պահանջել «SandbadTir INTL Transport Co.LTD»–ի գործունեության վերաբերյալ, հավաստիանալու համար, որ այն գործող է։ Դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 24-ին։

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 25-ին «Նաիրիտ» գործարանն անցել է «Ռոսնեֆտ» ռուսաստանյան ընկերության տնօրինության ներքո և աշխատելու է անվադողեր արտադրող «Պիրելլի» ընկերության համար։ Մինչ այդ, «Նաիրիտը» մեծ թվով պարտքեր էր կուտակել, իսկ գործարանի աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ պահանջելով չվճարած աշխատավարձերը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում