Որևէ սադրանք չի կարող շեղել Սամվել Բալասանյանին իր ստանձնած «ծանր, բայց պատվաբեր առաքելությունից»: Այս մասին ասված է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տարածած հայտարարության մեջ։
Գյումրիի քաղաքապետը կոնկրետ չի նշում, թե որ սադրանքի մասին է խոսքը, իսկ նրա մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը վերնագրված է․ «Սամվել Բալասանյանի հայտարարությունը վերջին իրադարձությունների կապակցությամբ»։ Կարելի է ենթադրել, որ խոսքը մամուլում տարածված այն տեղեկությունների մասին է, թե երեկ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել է Բալասանյանի առանձնատանը և սպառնացել է «խփել տալ» քաղաքապետին:
«Ընտրված օրվանից ամեն ինչ արել եմ և շարունակելու եմ անել, որ Գյումրին նմանվի մեր երազանքների քաղաքին:
Աղբահանություն, փողոցային լուսավորություն, ճանապարհաշինություն, օգնություն կարիքավոր ընտանիքներին, կանգառների բարեկարգում՝ այս ամենը պահանջում է լարված ու ամենօրյա աշխատանք:
Ես մնալու եմ Գյումրիում և շարունակելու եմ Ձեզ հետ միասին շենացնել մեր քաղաքը», – նշում է քաղաքապետը:
Epress.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը նշել է, որ միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումներն ուսումնասիրվում են։