Ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ, կապիտան Էդգար Պետրոսյանի դեմ գործով դատարանը որոշումներ է կայացրել՝ վարույթ ընդունելու և դատաքննություն նշանակելու մասին, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Ըստ մեղադրանքի՝ 36-ամյա քննիչն իր վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործով վարույթը կարճելու համար, սպառնալով ոտնահարել նրա` օրենքով պաշտպանվող շահերը և իրավունքները, պահանջել և ստացել է խոշոր չափերի`1000 դոլար կաշառք:
Ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Դատարան ստացված իրեղեն ապացույցների թվում են 6 հատ 50 դոլարանոց և 7 հատ 100 դոլարանոց թղթադրամները: Ամբաստանյալը կալանավորված է:
Ավագ քննիչը կաշառք ստանալու պահին բռնվել էր անցյալ տարվա նոյեմբերի 28-ին: Էդգար Պետրոսյանը ոստիկանության համակարգում է 2006 թվականից:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննիչը փորձել է քաղաքացու վրա «վաճառել» գործը կարճելու մասին որոշումը։
Մասնավոր գանգատի հիման վրա խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործով քննիչին հանձնարարվել էր կարճել գործը, իսկ նա էլ որոշել էր օգտվել առիթից և իր լիազորությունների սահմաններում կայացրած որոշման համար փող աշխատել՝ պահանջելով 1000 դոլար գործը կարճելու համար: